«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Համապատասխան որոշումը Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է 2026 թվականի հուլիսի 30-ին՝ բավարարելով գերատեսչության ներկայացրած հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել էր հուլիսի 29-ին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2023 թվականի հոկտեմբերի 9-ին։
Այս գործով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել ընկերության բաժնետոմսերը, 75 անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, մասնակցություն 38 իրավաբանական անձում, ինչպես նաև 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ։
Մասնավորապես, գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել՝
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը.
-75 անշարժ գույք (այդ թվում՝ 52 բնակարան Նոր Նորքում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր).
-10 գույքի շուկայական արժեք.
-42 տրանսպորտային միջոց.
Մասնակցություն 38 իրավաբանական անձում, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի Ավտոտրանս», «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ները և այլ ընկերություններ. 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ։
Ավելի վաղ՝ 2026 թվականի հուլիսի 15-ին, դատարանը դատախազության միջնորդությամբ պետության կառավարմանն ու պահպանմանն էր հանձնել նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը։
Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության մեկ այլ միջնորդություն և պետության կառավարմանն էր հանձնել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության բաժնետոմսերը։ Գործարարից բռնագանձված Multi Wellness համալիրն էլ հանձնվել էր Երևանի քաղաքապետարանին։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։
Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, զուգահեռ իրականացվում են ակցիաներ՝ դրանք բացելու պահանջով, «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել էր պետության կառավարմանը։
