Հայկական միրգը, պտուղն ու բանջարեղենը տարբեր ծրագրերի շրջանակում արտահանվել են ավելի քան 25 երկիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Անդրադառնալով Ֆրանսիայի հայկական խանութներում ծիրանի վաճառքին և արտահանման սահմանափակ ծավալների վերաբերյալ դիտարկումներին՝ նախարարը պնդել է, որ կառավարությունը գյուղմթերքի իրացման հարցը մեծ հաշվով լուծել է։
«Մամուլում գրում էին, թե որքան ծիրան է մնալու ու թափվելու գետնին։ Մեկ կիլոգրամ ծիրան գետնին չի թափվել։ Լոլիկը նույնպես չի մնացել դաշտերում․ այն մթերվում, վաճառվում և արտահանվում է»,- ասել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը վեց ամսով սահմանափակում է կիրառել Հայաստան ներմուծվող տոմատի մածուկի նկատմամբ։ Դրանից հետո հայկական չորս գործարան նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստ է մթերել դաշտային և ջերմոցային լոլիկի ամբողջ՝ մթերման ենթակա ծավալը։
«Մեր գյուղացիներին ուզում եմ ասել՝ այս տարի ևս մեկ կիլոգրամ լոլիկ դաշտում չի մնա։ Բացի այդ, տոմատի և տոմատի հյութերի արտահանման դեպքում կառավարությունն աջակցություն կտրամադրի արտահանողներին»,- հայտարարել է նախարարը։
Ռուսաստանին՝ հայկական լոլիկի ներմուծման սահմանափակումները վերացնելու խնդրանքի վերաբերյալ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ի բնականոն գործունեությամբ։
«Մենք չենք ուզում, որ ԵԱՏՄ-ն փլուզվի։ Ուզում ենք, որ այն մնա և կառուցվի, որովհետև ԵԱՏՄ-ն մեր կազմակերպությունն է»,- ասել է նա։
Անդրադառնալով էլեկտրական մեքենաների ներկրման քվոտաներին՝ նախարարը հայտնել է, որ օգոստոսի 1-ի դրությամբ 15 հազար ավտոմեքենայի համար նախատեսված քվոտան դեռ սպառված չի լինի։ Մնացած քանակի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։
Պապոյանը նշել է, որ կառավարությունն արդեն աշխատում է հաջորդ տարվա քվոտան ապահովելու ուղղությամբ, սակայն վերջնական արդյունք չի կարող երաշխավորել, քանի որ ԵԱՏՄ-ում որոշումն ընդունվում է կոնսենսուսով։
Նախարարը խոսել է նաև պետական կառավարման անցած «Արարատցեմենտ»-ի մասին։
«Այնտեղ շատ բան կա փոխելու, ոչ միայն գոմի դուռը։ Կառավարման որակը, ցավոք, կարծես գոմի կառավարման մակարդակի է եղել։ Պետք է այն դարձնենք ժամանակակից գործարան և փոխենք քրեաօլիգարխիկ մատակարարումների համակարգը։ Արդյունքները շուտով կտեսնեք»,- հայտարարել է Պապոյանը։
Նա պարզաբանել է նաև, որ գործարանի կառավարիչ նշանակված անձը՝ նախկինում վարչապետի օգնական աշխատած պարոն Գևորգյանը, նշանակումից առաջ աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարությունում։