«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանում բարեգործությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու մտադրության մասին։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը, ընտրությունների արդյունքներով Լոռու մարզ կատարած այցից հետո, ազդարարել էր համայնքներին գյուղտեխնիկայի փոխանցման, մարզում անվճար հասարակական տրանսպորտի գործարկման, ինչպես նաև բնակարանի տրամադրման մասին այն ընտանիքին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան։
Փաշինյանը հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում, մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի բարեգործական ծրագրերը Լոռու մարզում, որտեղ դաշինքն ավելի շատ ձայներ էր հավաքել, քան «Քաղաքացիական պայմանագիրը», դրանք անվանել էր «օլիգարխիկ բարեգործություն» և «թակարդ», որը, նրա խոսքով, «լավ տեղ չի տանում»։
Նա նաև հայտարարել էր, որ նման նախագծերը ֆինանսավորվում են չարաշահումների հետևանքով ստացված միջոցների հաշվին՝ «ժողովրդի հետ կիսվելու» միակ թույլատրելի եղանակ անվանելով պետական և համայնքային մեխանիզմների կիրառումը։
«Պետք է իրենց բերել այն վիճակի, որ իրենք դա չկարողանան անել և մենք դա անելու ենք»,- հայտարարել էր վարչապետը։
Խոսելով «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Կարապետյանը շեշտել է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը։
«Այդ գործարանը, որն ինքը ուզում է պետականացնել, պետությանը չէ, իմը չէ․ դա այդ գործարանի սեփականատիրոջն է։ Գնանք մարդկանց սեփականազրկե՞նք։ Ուրիշներին քննադատելուց առաջ թող մի հատ իրեն նայի։ Այդ մարդը 100 հատ նման բան է սարքել, գործ է արել, քաղաքականապես ինչպես ուզում ես վերաբերվիր, բայց արած գործը գոնե գնահատիր»,- ընդգծել է նա։
Կարապետյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել բարեգործական նախաձեռնություններից։
«Ի՞նչ անենք, բարեգործություն չանե՞նք․ բռնենք մարդկանց բանտարկե՞լ տանք ու երեխաներին ամիսներով առանց հոր թողնե՞նք, որ ինքն իրեն լա՞վ զգա»,- հայտարարել է Կարապետյանը և վարչապետին կոչ արել «ուրիշներին քննադատելուց առաջ նախ ինքն իրեն նայել»։
Վարչապետը դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին մեղադրել էր «ժողովրդին կողոպտելու» մեջ և սպառնացել միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա նրա քաղաքական ուժին շարունակել նման նախագծերի անհատույց իրականացումը։
Առանձին Կարապետյանն անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։ Նա հերքել է մեղադրանքներն այն մասին, թե դպրոցների էլեկտրաէներգիայի հաշիվներում հավելագրումներ թույլ տված աշխատակիցները մնացել են անպատիժ։
Կարապետյանի խոսքով՝ վեց ամսվա ընթացքում խախտումների համար աշխատանքից ազատվել է շուրջ 40–50 մարդ, իսկ ևս 30 աշխատակցի նկատմամբ անցկացվել են ծառայողական քննություններ։ Նա հավելել է, որ ներքին ստուգման արդյունքներով սպառողներին ավելի շատ միջոցներ են վերադարձվել, քան իշխանությունների միջամտությունից հետո։
Կարապետյանը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերերը հավելագրումների խնդրի մասին իմացել են դեռ ընկերությունը ձեռք բերելիս և կառավարման անցնելու պահից միջոցներ են ձեռնարկել այն լուծելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ընկերության կառավարման փոփոխությունից հետո նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը եղել է ոչ բավարար։
Կարապետյանը քննադատել է նաև իշխանության մոտեցումները բարեգործության, մասնավոր սեփականության և «Արարատցեմենտ» գործարանի պետականացման հարցերի վերաբերյալ։
Նա անդրադարձել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթին և Փաշինյանի անցյալին։
«Պետք է ուղղակի նստեինք «Հայկական ժամանակի» գրասենյակում ու բոլորի անունից հոդվածնե՞ր գրեինք, թե՞ քայլ անեինք։ «Հայկական ժամանակն» ինքը դեռ հարկային խնդիրներ ունի, որոնք շատ լրատվամիջոցներ այս պահին չունեն։ Ասում է՝ «մի տեղ գնացի, դարպասները վատ վիճակում էին»։ «Հայկական ժամանակի» դարպասները տեսե՞լ եք․ թող գնա իրենց խնդիրներով զբաղվի»,- շեշտել է նա։
