Պաշտպանության նախարարությունն առաջարկում է բարձրագույն ռազմական կրթության ծրագրերով ընդունելության տարիքային վերին շեմը դարձնել 45 տարեկան, տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Ըստ նախագծի հիմնավորման՝ գումարտակի (դիվիզիոն, էսկադրիլիա) հրամանատարների, նրանց տեղակալների, ինչպես նաև այլ հրամանատարական ու շտաբային պաշտոններ զբաղեցնող զինծառայողների համար ուսումնառության ընդունելության մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումը նախատեսվում է 37-ից բարձրացնել մինչև 45 տարեկան։
Նախարարությունից պարզաբանել են, որ փոփոխությունները պայմանավորված են բանակի ձևափոխման հայեցակարգի իրագործմամբ և ռազմական կրթության համակարգի զարգացմամբ։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ տարիքային շեմի բարձրացումը հնարավորություն կտա գործող հրամանատարական կազմի ավելի մեծ թվով ներկայացուցիչների ուսումնառություն անցնել բարձրագույն ռազմական կրթության ծրագրերով։
Փոփոխություններով նախատեսվում է նաև «հետբուհական» տերմինը փոխարինել «բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակ» ձևակերպմամբ, հստակեցվում են կրթական աստիճանները։
