ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի կազմակերպության առաջարկած առևտրային նախագծի դեմ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ռոբ Հարիսը՝ վկայակոչելով Կորդեյրոյի հայտարարությունը։

ՖԻՖԱ-ն մտադիր է ներգրավել 4,2 միլիարդ դոլար՝ մասնավոր ներդրողներին վաճառելով նոր կառույցի բաժնետոմսերի շուրջ 20 տոկոսը։ Նախատեսվում է այդ կառույցին փոխանցել կազմակերպության մեդիա և առևտրային իրավունքները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների նկատմամբ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ բաժնետոմսերը կարող է ձեռք բերել Ջոշուա Քուշների հիմնադրամը։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրն է։

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ իր բոլոր անդամները բոյկոտելու են ՖԻՖԱ-ի մրցաշարերը։ ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս դեմ է արտահայտվել նախագծին, սակայն չի միացել բոյկոտին։

«Ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ ՖԻՖԱ-ն քննարկում է աշխարհի առաջնության մասնաբաժինը վաճառելու հնարավորությունը։ Ես որևէ առնչություն չեմ ունեցել այս առաջարկի հետ և կտրականապես դեմ եմ դրան։ Սա անշահավետ գործարք է ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների, ֆուտբոլի և խաղի երկարաժամկետ ապագայի համար։ Այն պետք է մերժվի»,- հայտարարել է Կորդեյրոն։

Նա ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն արդեն ունի հսկայական ֆինանսական միջոցներ՝ միլիարդավոր դոլարների պահուստներ և պարտքերի բացակայություն։

Կորդեյրոյի խոսքով՝ եթե ազգային ասոցիացիաները լրացուցիչ ներդրումների կարիք ունեն, ՖԻՖԱ-ն կարող է աջակցել նրանց սեփական միջոցների հաշվին։

«Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո այլևս չեմ կարող շարունակել կատարել ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականի պարտականությունները։ Այդ պատճառով անհապաղ հրաժարական եմ տալիս։ Հուսով եմ՝ մյուսներն էլ կարտահայտվեն, քանի որ նման մասշտաբի որոշումները պետք է ընդունվեն ֆուտբոլի, ոչ թե դրանից շահույթ ստացողների օգտին»,- եզրափակել է նա։

Leave a Comment