
ԱՄՆ-ն ու Իսրայելը դիտարկում են Իրանի նկատմամբ ցամաքային շրջափակում սահմանելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրներին։
Նշվում է, որ ցամաքային շրջափակումը դիտարկվում է որպես Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու տարբերակներից մեկը։ Այդ ծրագիրը կպահանջի, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ճնշում գործադրեն Իրանի հարևան երկրների վրա, որպեսզի նրանք փակեն սահմանային անցակետերը կամ խստացնեն տարանցման պայմանները՝ այդպիսով սահմանափակելով առևտուրը Իսլամական Հանրապետության հետ։
Թերթի տվյալներով՝ Պակիստանը և Իրաքը, որոնք տարածաշրջանում Վաշինգթոնի մերձավոր դաշնակիցները չեն, կարող են դառնալ «թույլ օղակներ»։ Միևնույն ժամանակ, Իրանի հետ սահմանակից մյուս երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Թուրքիան, ամերիկա-իսրայելական ծրագրին համաձայնելու դեպքում, կարող են բախվել Թեհրանի պատասխան քայլերին, այդ թվում՝ ռազմական բնույթի։
Ինչպես շեշտում է The Daily Telegraph-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ցամաքային շրջափակման տարբերակը՝ հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված ներկայիս ռազմական ռազմավարությունը սպառել է իրեն։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Թրամփը «դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»։