Ռուսաստանում հայկական կոնյակի մանրածախ վաճառքը 2026 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով նվազել է 12,2%-ով՝ կազմելով 1,37 մլն դեկալիտր, հայտնել է Коммерсантъ-ը՝ հղում անելով շուկայի մասնակիցների տվյալներին։
Ռուսաստանում կոնյակի ընդհանուր վաճառքում Հայաստանի մասնաբաժինը կազմել է 20%՝ մեկ տարում նվազելով 1,7 տոկոսային կետով։
Հայկական չփրփրուն գինու վաճառքը հունվար-հունիսին նվազել է 11,8%-ով՝ հասնելով 239,65 հազար դեկալիտրի։ Միայն հունիսին վաճառքը կրճատվել է 18,9%-ով՝ մինչև 33,8 հազար դեկալիտր։ Ռուսական շուկայում չփրփրուն գինիների ընդհանուր վաճառքում Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցել 1%-ը։
Հայկական ալկոհոլային արտադրանքի վաճառքն ավելի արագ է նվազել, քան համապատասխան ապրանքային կատեգորիաների ընդհանուր ցուցանիշները։ Ռուսաստանում կոնյակի վաճառքը տարվա առաջին կեսին կրճատվել է 4,6%-ով, իսկ չփրփրուն գինունը՝ 3,7%-ով։
Հայաստանից Ռուսաստան արտահանվող ոգելից խմիչքների ծավալը կազմում է 285 մլն դոլար։ Հայկական խմիչքների արտահանման 84-98%-ը, ինչպես նաև սննդամթերքի և ծաղիկների մատակարարումների գրեթե ամբողջ ծավալը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Հայկական արտադրանքը կազմում է Ռուսաստան ներմուծվող կոնյակի և բրենդիի մոտ կեսը, իսկ ռուսական կոնյակի ամբողջ շուկայում դրա մասնաբաժինը գնահատվում է շուրջ 15%։
Ապրիլին ռուսական վերահսկող մարմինը դատարան էր դիմել՝ պահանջելով չեղարկել և կասեցնել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան։ Գերատեսչությունը պնդել էր, որ ընկերության արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ և բաղադրության անհամապատասխանություն։
Հայաստանի կառավարությունը հունիսին ֆինանսական փոխհատուցում էր նախատեսել շշալցված գինի և բրենդի արտահանող ընկերությունների համար։
