Եվրոպայում անտառային հրդեհների տարածքը գերազանցել է նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը

Եվրամիությունում 2026 թվականի սկզբից անտառային հրդեհներն ընդգրկել են շուրջ 435 000 հեկտար տարածք՝ գերազանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնել է Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը (JRC)՝ հղում անելով Անտառային հրդեհների մասին եվրոպական տեղեկատվական համակարգի (EFFIS) տվյալներին։

Տարեսկզբից ԵՄ-ում գրանցվել է 1407 անտառային հրդեհ, որոնց հետևանքով այրվել է 434 976 հեկտար տարածք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրդեհներն ընդգրկել էին 346 836 հեկտար, իսկ 2006-2025 թվականների միջին ցուցանիշը կազմել էր 255 793 հեկտար։

Հրդեհների հետևանքով մթնոլորտ է արտանետվել շուրջ 17,98 մլն տոննա ածխաթթու գազ, ինչն զգալիորեն գերազանցում է ինչպես նախորդ տարվա, այնպես էլ բազմամյա միջին ցուցանիշները։

Միացյալ հետազոտական կենտրոնի (Joint Research Centre, JRC)-ի կանխատեսմամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը հրդեհների ծայրահեղ բարձր վտանգ կպահպանվի Ֆրանսիայի, Ալպյան տարածաշրջանի, Հյուսիսային Իտալիայի, Բրիտանական կղզիների և Իռլանդիայի մեծ մասում։ Բարձր վտանգի գոտում են նաև Պիրենեյան թերակղզին, Բալկանները և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք շրջաններ։

2025 թվականը Եվրոպայում դարձել էր վերջին տասնամյակների ամենածանր հրդեհային սեզոններից մեկը։ Ամենաշատ տուժած երկրների թվում էին Պորտուգալիան, Իսպանիան, Հունաստանը և Ֆրանսիան։ 2026 թվականին, ըստ EFFIS-ի տվյալների, այրված տարածքների ծավալն արդեն գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Leave a Comment