Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի. վերջինս կառավարության նիստում նրան կաշառակեր էր անվանել

Դատարանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասի, մերժել է:

Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։

Իրավաբանական ընկերության հայտարարության մեջ նշված է, որ 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։

«Մենք, կոռեկտություններ պահելով, սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։

Դատարանը վճռով հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում, արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։

Ըստ վճռի՝ Փաշինյանի «արտահայտություններն ինքնին գնահատողական դատողություններ են և կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակությունում ենթադրում է ոչ միայն այնպիսի կարծիքների արտահայտման ազատությունը, որոնք կրում են դրական բնույթ, այլ նաև կիրառվում է այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում են, ինչը բխում է բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջներից»:

Դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կբռնագանձվի 200 հազար դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Leave a Comment