Էկոսֆերա — Հայաստանի Հանրային Ռադիո

Ծաղկափոշի, ծաղկահյուս, խոտաբույսերից համակցված թեյեր, ազնվամորուց պատրաստված լավաշ, չրեր, գինի, չրերից պատրաստված կոնֆետներ, հորած պանիր, մեղվամոմից մոմեր և, իհարկե, օրվա գլխավոր ապրանքը՝ մեղրը, որի տասնյակ տեսակները դեղին գույնով ներկել էին Վայոց ձորի մարզի Հորս գյուղում անցկացվող Մեղրի փառատոնի տաղավարները։

Ամեն մեղվաբույծ բարձրորակ մեղրը տարբերելու իր տարբերակն է առաջարկում։ Մենք էլ համտեսեցինք, հետո էլ մեղր գնեցինք. չէ՞ որ Եղեգիս համայնքի մի շարք բնակավայրերում ընդունված է՝ հյուր գնալիս կոնֆետների հավաքածուի փոխարեն մեղր տանել։

Շատին, Հերմոն, Հորս, Եղեգիս և հարակից մյուս գյուղերի բնակիչները, գյուղատնտեսությունից բացի, զբաղվում են մեղվապահությամբ։ Ասում են՝ հարուստ բուսականությունն է նպաստել, որպեսզի տարածաշրջանի մեղրի համն ու բույրը տարբերվեն ու լայն ճանաչում ստանան նաև արտերկրում։

Մեղվաբույծները մեկ տեղում հավաքվել էին Վայոց ձորի մեղրի փառատոնի՝ «Եղեգիս ֆեստի» շրջանակում։ Փառատոնն անցկացվեց Հորս գյուղում՝ առաջին անգամ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասում է՝ փառատոնի վայրը պատահական ընտրված չէ։ Շուրջ 6000 փեթակ կա Եղեգիս համայնքում։ Օրինակ՝ մեկ տարի առաջ հենց Հորս գյուղում կար 35 մեղվափեթակ, իսկ այս տարի արդեն՝ 48։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչներն անասնապահության փոխարեն այժմ նախընտրում են մեղու պահել։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ է տեղի ունեցել փառատոնը։ Ե՛վ հայկական պարը պարեց, և՛ մեղրը համտեսեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Ինչպես ասում են՝ մեղրի համը մնաց դեսպանի քիմքին, խոստացավ՝ հաջորդ անգամ կգա իր գդալով։

«Փառատոնը, եթե շարունակական լինի, ես ներկա կլինեմ և կգամ իմ գդալով։ Այն մեղրը, որը փորձեցի, իսկապես շատ համեղ էր։ Փաստ է, որ մեղուները լինում են այն վայրերում, որտեղ միջավայրն առողջ է ու էկոլոգիապես մաքուր։ Սա շատ կարևոր հանգամանք է»։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը նախ ընդգծեց՝ մեղուների առկայությունը բնության մեջ խիստ կարևոր է, ապա հորդորեց՝ կարևոր է ներդաշնակ ապրել բնության հետ։

Փառատոնը միավորում է թե՛ տեղացիներին և թե՛ Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած հյուրերին, իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը՝ ավելացնելով, որ սա նաև Հայաստանի բնական ժառանգությունը բացահայտելու հնարավորություն է։

Հազարավոր այցելուներ եղան։ Նախաձեռնողները հավաստիացրեցին, որ փառատոնն ունենալու է շարունակություն։ Փառատոնի ավարտին տաղավարները գրեթե դատարկ էին, ինչը խոսում է այն մասին, որ թե՛ մեղրի տասնյակ տեսակները, թե՛ ներկայացված այլ ապրանքները գրավել են այցելուների ուշադրությունը, և ոչ ոք դատարկաձեռն չէր հեռացել Հորս գյուղից, ավելի ճիշտ՝ գնացել էին, բայց քաղցրով և քաղցրացած։

Leave a Comment