Ուժայինները խուզարկություն են անցկացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը (լրացվող)

Այսօր վաղ առավոտյան իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություն են անցկացնում, հայտնել է կուսակցության մամուլի խոսնակը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում։ Գործը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

Կարապետյանին օրեր առաջ մեղադրանք էր առաջադրվել բռնության սպառնալիքով հավաքին մասնակցելուն հարկադրելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը և երկրից բացակայելու արգելքը։

Ալեքսան Ալեքսանյանը, ըստ իրավապահների, մեղադրվում է «Տաշիր»-ին առնչվող ընկերություններից փոխանցված շուրջ 1,6 միլիարդ դրամի ենթադրյալ լվացման և գումարի դիմաց կուսակցության կազմակերպած հավաքներին մասնակիցներ ապահովելու համար։

Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է, որ գործի նյութերում իր պաշտպանյալի դեմ փաստական տվյալներ չկան։ «Ուժեղ Հայաստան»-ում քրեական հետապնդումը քաղաքական ճնշում են որակում։

Leave a Comment