Իտալիան պատրաստ է արտակարգ միջոցներ ձեռնարկել սահմանների պաշտպանության և քաղաքացիների անվտանգության համար, ներառյալ՝ Իսպանիայի հետ Շենգենյան գոտու գործողության կասեցումը, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Սեուտայից ստացվող կադրերն ապշեցուցիչ են և ևս մեկ անգամ դրսևորում են, որ անվերահսկելի անօրինական ներգաղթը կոնկրետ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի սահմանների անվտանգությանը»,- պարզաբանել է նա։
Սեուտան Իսպանիայի էքսկլավն է Հյուսիսային Աֆրիկայում. այն Աֆրիկայի հետ ԵՄ արտաքին ցամաքային սահմանի երկու հատվածներից մեկն է։ Հուլիսի վերջին այս տարածաշրջանում անօրինական ներգաղթյալների հոսքը կտրուկ ուժեղացել է՝ կապված Իսպանիայի գերագույն դատարանի որոշման հետ, որն ամսվա սկզբին վճռել էր, որ դեպի Սեուտա հասնելու փորձի ժամանակ ծովում ձերբակալված միգրանտները չեն կարող վերադարձվել պարզեցված կարգով, ինչը նախկինում թույլ էր տալիս իշխանություններին անմիջապես հետ ուղարկել սահմանային արգելապատնեշները հատելու փորձ կատարող մարդկանց։
Մելոնին իրավիճակը քննարկել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզիի հետ և խոստացել, որ Հռոմը «մի կողմ քաշված չի հետևի»։ Վարչապետն ընդգծել է, որ Իտալիան չի հրաժարվի իր սկզբունքներից անօրինական ներգաղթի հարցում։
Շենգենյան համաձայնագրի համաձայն՝ մարդկանց թույլատրվում է ազատ տեղաշարժվել եվրոպական 29 անդամ երկրների միջև։ Սակայն 2026 թվականին 11 երկրներ կրկին սահմանային հսկողություն են սահմանել իրենց որոշ սահմանների վրա, ինչը թույլատրվում է պայմանագրով միգրացիոն ռիսկերի դեպքում. այդ երկրներն են՝ Գերմանիան, Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան և Շվեյցարիան։ Իտալիան նախկինում ժամանակավորապես վերականգնել էր սահմանային հսկողությունը Սլովենիայի հետ սահմանին՝ մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարելու համար։
Իսպանիայի իշխանությունները կտրուկ են արձագանքել Հռոմի հայտարարություններին։ Իսպանիայի ԱԳՆ է կանչվել Իտալիայի դեսպանը։
Իսպանիան նաև հայտարարել է Սեուտայում բանակի տեղակայման մասին՝ իրավիճակը կարգավորելու նպատակով: BBC-ի փոխանցմամբ՝ սահմանի ճեղքման ժամանակ առնվազն 18 միգրանտ է զոհվել, իսկ 10 օրվա ընթացքում քաղաք է թափանցել մինչև 2 հազար մարդ։
Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը պահանջել է ազգային արտակարգ դրություն հայտարարել և ճգնաժամն անվանել է «բացարձակ հումանիտար և սոցիալական աղետ»։ Նրա խոսքով՝ օրական ժամանում է մոտ 300 մարդ, իսկ 500 տեղանոց ընդունման կենտրոնները գերծանրաբեռնված են։ Ներթափանցած միգրանտների թվում, ըստ նրա հայտարարության, կա առնվազն 700 անչափահաս։ Իսպանական կառավարությունը մերժել է նրան՝ պարզաբանելով, որ քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը միգրացիոն հոսքերը չի դիտարկում որպես արտակարգ դրություն մտցնելու հիմք։
Սեուտան զանգվածային ներհոսքի բախվել էր նաև 2021 թվականին։ Այն ժամանակ մի քանի օրում սահմանը հատել էր շուրջ 10 հազար մարդ, որոնց մեծ մասը Մարոկկոյի քաղաքացիներ էին։
