Վոլգոգրադում Wildberries ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա իրականացված հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Վոլգոգրադում ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- ասված է ընկերության մամուլի ծառայության տելեգրամյան ալիքում։
Լոգիստիկ շղթաները վերակառուցվել են, մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են այլ օբյեկտներում, հավելել են ընկերությունում։
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք (հինգ մարդ տուժել է), ինչպես նաև հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտում։
Հուլիսի 18-ին և 22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել էին ընկերության լոգիստիկ օբյեկտները Մոսկվայի (Էլեկտրոստալ) և Տամբովի (Կոտովսկ) մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի (Կրասնոդար) և Ստավրոպոլի (Նևիննոմիսկ) տարածքներում:
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։
