Iravaban.net ֊ը ուսումնասիրել է ահմանադրական դատարանի որոշումը, որով Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։
Գործը Սահմանադրական դատարան էր ներկայացրել Կառավարությունը՝ 2026 թվականի մարտի 27-ին՝ պայմանագրի սահմանադրականությունը գնահատելու նպատակով։ Մինչ այդ Կառավարությունը մարտի 26-ի N 337-Ա որոշմամբ հավանություն էր տվել պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի օրենսդրական նախաձեռնությանը։
Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից։ Այն նպատակ ունի սահմանել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև միջազգային վերահսկելի մատակարարման (ՄՎՄ) կազմակերպման և իրականացման կարգը։
Սահմանադրական դատարանը գործն ընդունել էր քննության 2026 թվականի ապրիլի 14-ին։ Սակայն մայիսի 26-ին վարույթը կասեցվել էր, քանի որ անհրաժեշտություն էր առաջացել ստանալ պայմանագրի ճշգրտված պաշտոնական հայերեն տեքստը և կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ։ Հունիսի ընթացքում Կառավարությունը ներկայացրել էր լրամշակված տարբերակներ, որից հետո դատարանը հուլիսի 8-ին վերսկսել էր գործի վարույթը և այն քննել հուլիսի 28-ին՝ գրավոր ընթացակարգով։
Դատարանը փաստել է, որ պայմանագրի հիմնական սկզբունքներն են մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանումը, ՄՎՄ-ին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը, ազգային օրենսդրության պահպանումը, վերահսկելի օբյեկտների պահպանվածության և դրանց նկատմամբ վերահսկողության ապահովումը, ինչպես նաև գործողությունների գաղտնիության պահպանումը։
Փաստաթղթով իրավասու մարմինների հիմնական խնդիրների շարքում նշվում են հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը և բացահայտումը, դրանց նախապատրաստող կամ իրականացրած անձանց բացահայտումը, միջազգային հանցավոր կապերի և երթուղիների հայտնաբերումը, ինչպես նաև մարդու իրավունքներին, հասարակությանը, ազգային անվտանգությանը կամ պետությանը սպառնացող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը։
Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է մի շարք պարտավորություններ։ Մասնավորապես, միջազգային վերահսկելի մատակարարումը պետք է դիտարկվի որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, սահմանվեն դրա իրականացման համար պատասխանատու իրավասու մարմինները, ապահովվի համագործակցությունը մյուս մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ և պահպանվեն պայմանագրով նախատեսված ընթացակարգերը։
Փաստաթուղթը նաև սահմանում է Հայաստանի պարտականությունները, երբ երկիրը հանդես է գալիս որպես տարանցման կամ նշանակման պետություն։ Այդ դեպքերում իրավասու մարմինները պարտավորվում են ապահովել վերահսկելի օբյեկտների անվտանգ տեղափոխումը, անհրաժեշտության դեպքում իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երաշխավորել ներգրավված անձանց անվտանգությունը, հանցավոր խմբերի անդամների բացահայտումն ու, համապատասխան դեպքերում, նրանց ձերբակալումը, ինչպես նաև ժամանակին տեղեկացնել մյուս մասնակից պետությունների իրավասու մարմիններին ընդունված դատավարական որոշումների կամ մատակարարման դադարեցման մասին։
Բացի այդ, Հայաստանի իրավասու մարմինները պարտավորվում են ՄՎՄ-ի արդյունքները ձևակերպել ազգային օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում վերադարձնել հանցագործության կատարման միջոց հանդիսացած տրանսպորտային միջոցները, ապահովել տեղեկատվության գաղտնի ստացման տեխնիկական միջոցների ներմուծումն ու արտահանումը՝ նախնական համաձայնության հիման վրա, ինչպես նաև ինքնուրույն կրել պայմանագրի իրականացման ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի համաձայնեցվել կողմերի միջև։
Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածին, որը նախատեսում է միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը միտված արտաքին քաղաքականության իրականացումը։
Արդյունքում դատարանը որոշել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում ստորագրված պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։