Բելոզերովը զարմացել է երկաթուղուց օգտվելու վճար սահմանելու մասին Փաշինյանի խոսքերից

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովն արձագանքել է «Հարավկովկասյան երկաթուղուց» օգտվելու համար տարեկան վճար սահմանելու հնարավորության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

««Ռուսական երկաթուղիներ»-ը զարմացած և շփոթված էր՝ լրատվամիջոցներից իմանալով հայկական երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին», – ՏԱՍՍ-ին ասել է Բելոզերովը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հետևողականորեն և ամբողջությամբ կատարել է 2008 թվականի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, որոնք շարադրում են կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Հայաստանի կառավարությունը նույնպես պայմանագրի կողմ է։

«Մեր կողմից մենք մտադիր ենք խստորեն պահպանել պայմանագիրը, և եթե հայկական կողմը մտածի դրա դադարեցման կամ պայմանների փոփոխման մասին, մենք իրավունք ունենք ակնկալել մեր ներդրումների վերադարձը», – ասել է գլխավոր տնօրենը։

Նա նաև նշել է, որ կոնցեսիոն պայմանագրով Հայաստանին տրվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ ազատելով բյուջեն դրա վերականգնման և պահպանման ծախսերից։ Բելոզերովի խոսքով՝ բաժնետիրոջը երբեք դիվիդենտներ չեն վճարվել. ամբողջ շահույթը ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը հավելել է, որ 2008-ից 2025 թվականներին ընկերության միջոցների և «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի սեփական եկամուտների ներդրումները կազմել են մոտավորապես 396,3 մլն դոլար: Նրա խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ամենանշանակալի և խոշորագույն ազգային գործատուներից մեկն է:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներ»-ից պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Երևանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունը պետք է ինքնուրույն որոշի դրա օգտագործման ընթացակարգերը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան չի բանակցում «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ:

Փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը քննարկում է երկաթուղու կոնցեսիայի կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի փոխանցելու հարցը: Որպես հնարավոր տարբերակներ նա նշել է Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:

Leave a Comment