Կարևորվել է զինվորական կոլեկտիվներում առողջ մթնոլորտի պահպանումը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 30-ին հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Այցի շրջանակում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։ Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ 

Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանն ու իրավախախտումների կանխարգելմանը։

Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ ծառայել ծառայակիցների համար և բարձր պատասխանատվություն ցուցաբերել առաջադրված խնդիրների կատարման ու զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։ Հանդիպումից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ճաշել է զինծառայողների հետ։

Leave a Comment