ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Դավիթ Գևորգյանին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերության պետականացումից հետո։
Համապատասխան հրամանը ստորագրվել է հուլիսի 30-ին։
Գևորգյանը 2018 թվականից զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ։ Նա զբաղեցրել է վարչապետի օգնականի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի, իսկ 2018–2021 թվականներին՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը։
Ավելի վաղ Պապոյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերության կառավարումը պետությանը փոխանցվելուց հետո հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի գործարանի նոր կառավարիչ։
Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել 2026-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարել էր նաև «Արարատցեմենտը» պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ Հակաոռուպցիոն դատարանը, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, որոշում էր կայացրել «Արարատցեմենտ»-ը հանձնել ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։
