Իլոն Մասկը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն․ Axios

Իլոն Մասկը մտադիր է «հսկայական ֆինանսավորում» հատկացնել Հանրապետական կուսակցությանը՝ ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում նրա դիրքերն ամրապնդելու համար։ Axios-ի տեղեկություններով՝ միլիարդատերը վերսկսում է իր America PAC քաղաքական հիմնադրամի գործունեությունը։ Դրա միջոցները կուղղվեն Դոնալդ Թրամփի կուսակցությանն աջակցող ընտրողների մոբիլիզացմանը։

Axios-ի աղբյուրների համաձայն՝ America PAC-ը կֆինանսավորի թիրախավորված թվային գովազդը, փոստային առաքումները և տնետուն քարոզարշավները՝ ընտրողներին հանրապետականների օգտին քվեարկելու համոզելու նպատակով։

Հատուկ ուշադրություն է դարձվելու այն ընտրողներին, որոնք սովորաբար հանրապետականներին աջակցում են նախագահական, բայց ոչ Կոնգրեսի ընտրություններում։

Մասկի ներկայացուցիչները չեն հայտնել նախատեսվող ներդրման հստակ չափը։ Սակայն Axios-ի զրուցակից փորձագետների գնահատմամբ՝ գումարը «հսկայական» է լինելու։

Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի նախընտրական քարոզարշավում America PAC-ը ծախսել է ավելի քան 260 մլն դոլար՝ Դոնալդ Թրամփին հաղթանակի հասնելու հարցում աջակցելու համար։ Այդ ֆինանսավորմամբ Մասկը դարձել է ԱՄՆ պատմության խոշորագույն քաղաքական դոնորը։

Axios-ի տվյալներով՝ նույնիսկ առանց Մասկի ներդրումների հանրապետականներն այժմ նախընտրական քարոզարշավի համար դեմոկրատներից շուրջ 300 մլն դոլարով ավելի միջոցներ ունեն։

Leave a Comment