Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի արած հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեից Auroranews-ին փոխանցել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ խուլիգանություն կատարելու փաստով։

ՔԿ-ից նաև հայտնել են, որ տվյալ անձի նկատմամբ բռնության հրապարակային կոչեր անելու մեկ այլ քրեական վարույթով առկա է կալանավորելու որոշում և հայտարարված է հետախուզում։

Հարկ է նշել, որ Քննչական կոմիտեն քննության է առնում Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված ստացված հաղորդումը։

Ավելի վեր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշել էր, որ ընտանեկան բռնության թեման արծարծելուց հետո իր հասցեին սպառնալիքներ է նկատում։ Նա ակնկալում էր, որ պետական համապատասխան ծառայությունները կկանխեն նմանատիպ դեպքերը։

Ֆեյսբուքյան տեսանյութում Հակոբյանը կանանց հորդորել էր չլռել բռնության փաստերի մասին և բարձրաձայնել դրանց վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Աննա Հակոբյանի հրապարակմանը պատշաճ ընթացք է տրվել։

Leave a Comment