Ծառուկյանի ձեռնարկությունների պարապուրդի 23-րդ օրը բողոքի ակցիա են անցկացրել

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները հարկադիր պարապուրդի 23-րդ օրը կրկին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։

Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ այդպես էլ պատասխան չեն ստացել, թե երբ կկարողանան վերադառնալ աշխատանքի։

«Մեզ ընդունեց դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը։ Նա ոչ ժամկետ ասաց, թե երբ կբացվեն մեր աշխատատեղերը, ոչ էլ՝ ինչպես կարող ենք լուծել բանկերի նկատմամբ մեր պարտավորությունների հարցը։ Մեր հարցերին էլ պատասխան չտվեց, պարզապես ուզում էր այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել»,- լրագրողներին ասաց «Օլիմպավանի» աշխատակից Էրիկ Օհանյանը։

«Մուլտի Գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները կառավարության շենքի մոտ պահանջել են վերաբացել ձեռնարկությունները և հնարավորություն տալ իրենց վերադառնալ աշխատանքի։ Ակցիայի մի շարք մասնակիցներ նաև աջակցություն են հայտնել կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Օհանյանի խոսքով՝ «Օլիմպավանի» աշխատակիցները գտնվում են անորոշ վիճակում և չգիտեն՝ արդյոք կստանան նախորդ ամսվա աշխատավարձը։ Նրա խոսքով՝ աշխատակիցներից շատերն ունեն վարկային և հիփոթեքային պարտավորություններ, սակայն բանկերը հրաժարվում են սառեցնել վճարումները։

«Մենք ուզում ենք, որ մեր աշխատավայրը բացվի, և մենք, բոլորի նման, վերադառնանք աշխատանքի։ Թող որևէ մեկը կոնկրետ ժամկետ ասի՝ օգոստոսի՞ն, սեպտեմբերի՞ն, թե՞ դեկտեմբերին։ Հիմա նույնիսկ չգիտենք՝ ընդհանրապես «Օլիմպավանը» կբացվի՞, թե՞ ոչ»,- ասել է նա։

Մարզչի խոսքով՝ համալիրի փակ լինելու պատճառով մարզիկները ստիպված են մարզվել բաց երկնքի տակ։ Նրա խոսքով՝ «Օլիմպավանում» մարզվում է 107 սան, որոնցից երեքը օգոստոսի 15-ին պետք է մեկնեն Աբու Դաբի՝ MMA-ի աշխարհի մրցումների։

«Հուլիսի 26-ի մրցումներին 107 սանից մասնակցել են ընդամենը 20-ը, որոնցից 18-ը պարտվել են։ Նրանք ասում են՝ չեն մարզվել։ Բացօթյա պայմաններում հնարավոր չէ ապահովել տատամի, պաշտպանիչ միջոցներ և անհրաժեշտ մյուս պայմանները»,- նշել է Օհանյանը։

Նա նաև հայտնել է, որ համալիրի այն հաճախորդները, որոնք նախապես վճարել էին լողավազանի, մարզասրահի և այլ ծառայությունների տարեկան փաթեթների համար, այժմ չեն կարող օգտվել դրանցից։ Նրա խոսքով՝ որոշ ընտանիքների դեպքում այդ փաթեթների արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը։

Ակցիային մասնակցել են նաև Euro Motors ընկերության աշխատակիցները։ Ընկերության գլխավոր տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը հայտարարել է, որ կազմակերպությունը փակ է հուլիսի 7-ից, իսկ աշխատակիցներին բազմիցս խոստացել են, որ այն կվերաբացվի տասը օրից։

«Արդեն 23 օր է անցել, բայց իրավիճակը չի փոխվել։ Եկան, առգրավեցին մեր սերվերներն ու համակարգիչները և փաստացի կաթվածահար արեցին մեր աշխատանքը»,- ասել է նա։

Տանակէօզեանի խոսքով՝ ձեռնարկության փակ լինելու ընթացքում պահեստում ջրատար խողովակի վնասվելու հետևանքով վնասվել է պահեստամասերի մի մասը։ Նա հայտնել է արտասահմանյան գործընկերների հետ առաջացած խնդիրների մասին՝ նշելով, որ Euro Motors-ը Հայաստանում BMW, Mini և Rolls-Royce ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է։

Տանակէօզեանը ձեռնարկության փակումը համարել է անհիմն և այն կապել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունների հետ։ Նրա խոսքով՝ աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերաբացել ձեռնարկությունը։

Կառավարությունում հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները հայտնել են, որ սպասելու են հարցի լուծմանը և հույս ունեն երկուշաբթի վերադառնալ աշխատանքի։

 

Leave a Comment