Օգոստոսի 2-ից աշխատանքը կսկսի ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովը։ Այդ օրը տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքներով, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ, խորհրդարան է անցել քաղաքական 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ) «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) ընդդիմադիր դաշինքները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր հաղթահարել 4%-ի անցողիկ շեմը և դուրս է մնացել խորհրդարանից։
Չնայած քաղաքական 7 ուժ նախաձեռնել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփած արդյունքների վերանայում և պահանջել անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները՝ մատնանշելով վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների վրա ապօրինի ճնշումների և հաշվարկի ընթացքում խախտումները, Սահմանադրական դատարանն օրինական էր ճանաչել ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները։
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները որոշել են վերցնել Ազգային ժողովի մանդատները և խորհրդարանական գործունեությունը համադրել արտախորհրդարանական պայքարի այլ ճանապարհների հետ՝ իշխանափոխության հասնելու նպատակով։
Ընտրություններից հետո՝ հունիսի 20-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել էին մի շարք մեղադրանքներով։ Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն 9-րդ գումարման Ազգային ժողովից։
Հարցմանը մասնակցած քաղաքացիները և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից ի շահ ՀՀ քաղաքացիների աշխատելու ակնկալիքներ ունեն։
«Երկու կողմից էլ ակնկալում եմ, որ ակտիվ կլինեն, ավելի ազգանվեր, ժողովրդավար և օրենսդրական աշխատանք իրականացնեն, իրենց սխալներից կարողանան քաղել ինչ-որ մի բան և կաշխատեն ի շահ ժողովրդի»,- ասել է քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի հույս է հայտնել, որ Ազգային ժողովում քաղաքական ուժերը վեճերի փոխարեն կկարողանան ապահովել կառուցողական աշխատանք և կզբաղվեն արդյունավետ օրենքներ ընդունելով։
«Իրար միս չուտեն, ամենակարևորը դա է, և մեկը մյուսին լսելով նորմալ օրենքներ ընդունեն, երկիրը տանեն առաջ»,- ասել է քաղաքացին։
Հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի նշել է, որ ոչ մի սպասելիք չունի նոր խորհրդարանից՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունները վերընտրվել են։
«Ոչ մի լավ բան, հնի պես շարունակվելու է ամեն ինչ։ Իմ սուբեկտիվ կարծիքով՝ ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»,- համոզմունք է հայատնել քաղաքացին։
Ըստ քաղաքացիներից մեկի՝ խորհրդարանը նախորդներից տարբերվում է «նախկին» իշխանությունների ավելի սակավ ներկայացուցիչներով և նրանով, որ նոր ուժ կա ԱԺ-ում՝ ի դեմս «Ուժեղ Հայաստան» դաշինքի։
«Երևի նախկին կոչված բաղադրիչն է մի փոքր քիչ լինելու խորհրդարանում, որովհետև «Ուժեղ Հայաստանը» նոր ուժ է, թարմ դեմքերով, գուցե նաև՝ հետաքրքիր»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Հարցման մասնակիցներից միայն մեկն է իր սպասելիքները կապել բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեկ այլ քաղաքացի ընդգծել է, որ քանի դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գտնվում է իշխանության ղեկին, դրական որևէ ակնկալիք չունի։
«Իշխանությունը խանգարում է մեր երկրի առաջընթացին, որովհետև խոստումներ է տալիս և չի կատարում»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
