Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստի օրն է հայտնի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ նախնական դատալսման առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, Էջմիածնում։

Ըստ մեղադրանքի՝ Գարեգին Բ-ն, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման կատարմանը։ Խոսքը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հայտարարելու որոշմանը։

Արա Զոհրաբյանը հայտարարությունում նշել է, որ քրեական հետապնդումն ապօրինի է և ներկայացրել իր գնահատականները եկեղեցու և պետության հարաբերությունների, ինչպես նաև վերջին տարիներին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացված, իր խոսքով, ճնշումների վերաբերյալ։

Փաստաբանը նաև պնդել է, որ գործը դուրս է մեկ քրեական վարույթի շրջանակներից և ունի պատմական ու ազգային նշանակություն։

Leave a Comment