Եվրոպական ֆուտբոլային պաշտոնյաները քննարկում են «Պարի Սեն Ժերմեն»-ի (ՊՍԺ) նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավարի պաշտոնում առաջադրելու հարցը, հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Ալ-Խելաիֆիի առաջադրման շուրջ բանակցություններն սկսվել էին դեռևս աշխարհի առաջնության ընթացքում։ Անանուն եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ ՊՍԺ-ի նախագահի թեկնածության հարցում «բոլոր աստղերը համընկել են»՝ հատկապես այն տեղեկությունների ֆոնին, թե ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ծրագրում է աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասը վաճառել մասնավոր ներդրողներին։
Ալ-Խելաիֆիի ներկայացուցիչները Politico-ին հայտնել են, որ նա «բացարձակապես չունի ՖԻՖԱ-ում որևէ դերակատարում ունենալու ամբիցիաներ, մտադրություն կամ հետաքրքրություն»։ Այնուամենայնիվ, պարբերականի աղբյուրները կարծում են, որ ՊՍԺ-ի նախագահի առաջադրումը կարող է իրական այլընտրանք դառնալ Ինֆանտինոյին 2027 թվականին կայանալիք ընտրություններում։
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականից՝ փոխարինելով կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական տված Յոզեֆ Բլատերին։ Նա վերընտրվել էր 2019 և 2023 թվականներին՝ չունենալով ոչ մի մրցակից, և ավելի վաղ հայտարարել էր հաջորդ տարի կրկին վերընտրվելու ցանկության մասին։
Ալ-Խելաիֆին 2011 թվականից զբաղեցնում է ՊՍԺ-ի նախագահի պաշտոնը և ղեկավարում է ակումբի սեփականատեր Qatar Sports Investments հիմնադրամը։ 2021 թվականին նա ընտրվել էր նաև Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար։
ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում։
