Վարուժ Մանուկյանն «Արբատ»-ի ղեկավարի սպանության գործով դատապարտվել է 22 տարով

Վարուժ Մանուկյանը Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանության և տեղի ունեցած պայթյունի գործով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Մոսկվայի երկրորդ արևմտյան շրջանի զինվորական դատարանը Մանուկյանին մեղավոր է ճանաչել ահաբեկչություն իրականացնելու, ինչպես նաև խմբի կազմում պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության համար։

Դատարանի որոշմամբ՝ առաջին 6 տարին Մանուկյանը կանցկացնի կալանավայրում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։ Նա նաև տուգանվել է 500 000 ռուբլով։ Պետության եկամուտ է փոխանցվել նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որով, ըստ գործի նյութերի, տեղափոխվել է ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Գործը քննվել է դռնփակ ռեժիմով՝ պետական մեղադրողի միջնորդությամբ։

Քննչական մարմնի վարկածով՝ 2024 թվականի մարտից ոչ ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության աշխատակիցների թվում չբացահայտված անձինք Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու ծրագիր էին մշակել։ Թիրախը Սարգսյանն էր, որը, ըստ քննության, հանդես էր գալիս 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխության դեմ։

Ըստ նախաքննության՝ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և այլ ենթադրյալ համակիցներ հետևել էին Սարգսյանին, ուսումնասիրել նրա տեղաշարժի երթուղիներն ու անվտանգության միջոցները, ինչպես նաև տեսանկարահանել նրան։ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, ապահովել էր ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխումն ու պահեստավորումը։

2025 թվականի փետրվարին Մաթևոսյանը տեսել էր, թե ինչպես էր Սարգսյանը մտնում Алые паруса համալիրի շենքերից մեկի մուտք, որից հետո, ըստ քննության վարկածի, Մանուկյանը հեռակա կարգով գործարկել էր վերելակում տեղադրված պայթուցիկ սարքը։

Պայթյունի հետևանքով Սարգսյանը և պայթուցիկ սարքը գործարկած անձը զոհվել էին տեղում, ևս 3 մարդ վիրավորվել էր։ Էական գույքային վնաս էր հասցվել նաև բնակելի համալիրի կառավարող ընկերությանը։ Մաթևոսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը դադարեցվել էր նրա մահվան պատճառով։

Մոսկվայում 2025 թվականի փետրվարի 3-ին Алые паруса բնակելի համալիրում պայթյունի հետևանքով սպանվել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը։

Shot Telegram ալիքը հայտնել էր, որ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր ամրացրել իր մարմնին և ակտիվացրել այն պահին, երբ Սարգսյանը դուրս էր եկել վերելակից։ Shot-ը նաև նկարագրել էր ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին՝ որպես 40-ն անց տղամարդ: Փետրվարին «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման էր ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի։

Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, երիտասարդ տարիքից ապրել էր Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2019 թվականին Սարգսյանը դարձել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, իսկ 2020 թվականին՝ Գորլովկայի պատվավոր քաղաքացի։ 2025 թվականին պարգևատրվել էր ՌԴ «Արիության» շքանշանով։ 2022 թվականի սեպտեմբերին Դոնբասում ստեղծել էր «Արբատ» (Հայկական գումարտակ)՝ առանձին հատուկ նշանակության գումարտակ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի կազմում։ 2023 թվականի հուլիսին գումարտակը մտել է Ռուսաստանի զինված ուժերի կազմ, նույն ամսում Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի էր ունեցել գումարտակի մարտիկների օրհնության կարգ։

 

Leave a Comment