Ինչո՞ւ են զինվորները բանակում ինքնասպանություն գործում. Նիկոլ Փաշինյանը 3 գործոն է առանձնացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է 3 հիմնական պատճառների հետ: Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետը ներկայացրել է այն 3 հիմնական գործոնները, որոնք հանգեցնում են նման ողբերգական դեպքերի։

Որպես առաջին գլխավոր պատճառ վարչապետը նշել է զինծառայողների կողմից առցանց խաղադրույքներ կատարելն ու դրա հետևանքով կուտակված մեծ պարտքերը։ Նրա խոսքով՝ զորամասերում գործում են «ստվերային դիլերներ», որոնք խաղադրույքներ են կատարում անգամ առանց հեռախոսի՝ պարզապես խոսքի հիման վրա, ինչն էլ զինվորներին գցում է անելանելի ֆինանսական դրության մեջ։

«Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույք կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման փուլում է»,-ասել է նա։

Երկրորդ կարևոր գործոնը, ըստ Փաշինյանի, արտաբանակային միջավայրն է, երբ քաղաքացիական կյանքում, ընտանիքում կամ անձնական հարաբերություններում առկա խնդիրներն ու կոնֆլիկտները տեղափոխվում են զորամաս և հանգեցնում ողբերգական ելքերի։

Երրորդ պատճառը, ըստ նրա, կապված է մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելու հետ։

Փաշինյանը նշել է, որ զինվորական միջավայրում խիստ պատժում և արհամարհում են մարտական դիրքում քնողներին։ Որպես օրինակ նա հիշեցրել է մի ռեփ երգ, որտեղ հպարտությամբ ասվում է՝ «Ես դիրքում քնող չեմ եղել»։ Վարչապետի խոսքով՝ դիրքում քնող զինվորը վտանգում է իր ծառայակիցների կյանքը։ Այդ պատճառով, երբ տղաները հայտնաբերում են քնած զինվորին, նրան դիրքերից իջնելուց հետո մեկուսացնում են, արհամարհում և հոգեբանական ծանր ճնշման ենթարկում։

Leave a Comment