ՀՀ կառավարությունը 6 ամսով արգելել է լոլիկի մածուկի ներմուծումը երկիր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից։ Որոշումը կայացվել է հուլիսի 30-ին կայացած կառավարության նիստում, որը հեռարձակել է Armenia Today-ի You Tube-յան ալիքը։
Իշխանությունները որոշումը բացատրել են լոլիկի մածուկ ներմուծողների և տեղական արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաև լոլիկի գնումները կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ արգելքը կբարձրացնի տեղական հումքի պահանջարկը և թույլ կտա վերամշակողներին գնել ամբողջ բերքը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հայկական մրգերի և բանջարեղենի արտահանման սահմանափակումները նվազեցրել են ջերմոցային լոլիկի արտահանումը։ Մայիսի 22-ից հուլիսի 22-ը Հայաստանն արտահանել է մոտ 800 տոննա ջերմոցային լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7000 տոննայի համեմատ։ Անցած տարվա ամբողջ ծավալն արտահանվել էր ԵԱՏՄ երկրներ։
Արտահանման կրճատման պատճառով ջերմոցային լոլիկի զգալի մասը մտել է ներքին շուկա, ինչը նվազեցրել է բաց դաշտային լոլիկի պահանջարկը։ Կառավարությունն զգուշացրել է, որ իրավիճակի շարունակականությունն սպառնում է լոլիկի արտադրությանը և մթերմանը, ինչպես նաև լոլիկի մածուկի արտադրությանը։
Հայաստանում լոլիկի մածուկի տարեկան միջին սպառումը կազմում է մոտավորապես 3000 տոննա: Կառավարության գնահատականներով՝ ներմուծվող արտադրանքի մեծ մասը վերաարտահանվում է, իսկ մի մասը՝ նոսրացվում, վերափաթեթավորվում և վաճառվում տեղում:
Հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ԵԱՏՄ-ն: Նա հայտարարել էր, որ հայկական ապրանքների Ռուսաստան մատակարարման սահմանափակումները վկայում են Միության փաստացի «կաթվածահարության» մասին:
