Իրանը Չինաստանից կստանա մինչև 400 դյուրակիր ՀՕՊ համալիր․ Պեկինը հերքում է

Իրանն առաջիկա շաբաթներին Չինաստանից կստանա մինչև 400 դյուրակիր զենիթահրթիռային համալիր (MANPADS), հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գործարքին ծանոթ երեք աղբյուրի։

Գործարքի արժեքը գնահատվում է 60-70 մլն դոլար։ Reuters-ի տվյալներով՝ պայմանագիրը նախատեսում է 300-400 QW-12 և FN-16 չինական արտադրության համալիրների մատակարարում։ Դրանք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Գործարքը կնքվել է Հոնկոնգում գրանցված Zhongqing Baoshang International Investment միջնորդ ընկերության միջոցով, պնդում է կայքը։

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ մատակարարումը կիրականացվի Պակիստանի տարածքով։ Պակիստանի բանակը հերքել է իր երկրի մասնակցության մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով «ամբողջությամբ հորինված»։

Չինաստանի ԱԳՆ-ն Reuters-ին հայտնել է, որ հրապարակված տեղեկությունները «լիովին անհիմն են»՝ հավելելով, որ Պեկինը հետևողականորեն նպաստում է հակամարտության դադարեցմանն ու խաղաղությանը։ Իրանի ԱԳՆ-ն հրապարակման պահին չէր մեկնաբանել հաղորդումը։

Reuters-ը փետրվարին հայտնել էր, որ Իրանը բանակցում է Չինաստանի հետ նաև CM-302 գերձայնային հակառազմանավային հրթիռների ձեռքբերման շուրջ։ Գործակալությունը նշել էր, որ բանակցություններն արագացել էին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, սակայն գործարքի վերաբերյալ մանրամասներ հայտնի չէին դարձել։

Leave a Comment