Հայ առաքելական եկեղեցու սպասքն ուշադիր դիտելիս կարելի է նկատել շատ հետաքրքիր մանրամասներ, որոնք վկայում են, որ քրիստոնեությունը ոչ միայն որդեգրել է հեթանոսական որոշ ծեսեր, այլև օգտագործում է դրանց բնորոշ խորհրդանիշերը։


Արվեստագիտության թեկնածու Սոֆի Խաչմանյանը պատմում է, որ, օրինակ, օձ, վիշապ կամ կարիճ կարելի է տեսնել ոչ միայն սպասքի, այլև բարձրաստիճան հոգևորականների զգեստների ու ոտնամանների վրա։
Օձն ու կարիճը պատկերված են նրանց ոտնամանների ներբաններին, բայց միևնույն ժամանակ օձի պատկերներ կան նաև Կաթողիկոսի գավազանի գլխին։ Այսինքն՝ մի կողմից հին հեթանոսական աստվածությունները տրորվում են, մյուս կողմից՝ արժանանում մեծ պատվի։


Եկեղեցական սպասքը սրբազան է ու օրհնված, և այն որևէ այլ տեղ կամ այլ նպատակով չի օգտագործվում։ Սպասքի մեծ մասի վրա կարելի է հանդիպել արձանագրությունների, որոնք վկայում են, թե ով և ինչ առիթով է այն նվիրաբերել եկեղեցուն։
Սոֆի Խաչմանյանը պատրաստվում է ընթերցողի դատին հանձնել հայ առաքելական եկեղեցու սպասքին նվիրված հիմնարար մի ուսումնասիրություն։