Ջանես Նազարյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Բաքվում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալը:
Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողը 71 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ջուեւի հետ եւ հաղթեց 4:3 հաշվով:
Առաջին մրցափուլում ռուս ըմբիշն ակտիվ սկսեց եւ երկու միավոր վաստակեց: Ջանես Նազարյանը կրճատես հաշիվը: Գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշին եւ Ջուեւին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց, բայց ռուս մրցակիցը չկարողացավ գլորել Նազարյանին: Հայաստանի ներկայացուցիչը հրաշալի պաշտպանվեց:
Երկրորդ մրցափուլում պասիվություն ստացավ Ջուեւը: Ջանես Նազարյանը գլորեց եւ առաջ անցավ հաշվի մեջ: Մինչեւ գոտեմարտի ավարտը ռուսաստանցի մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել:
Ջանես Նազարյանը տիտղոսը նվաճելուց հետո Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց մարզիչների հետ, որն ուղեկցվեց տրիբունաներից հնչող սուլոցներով: Հայաստանի ներկայացուցիչը մարզիչների հետ շրջանից հետո չընկճեց եւ եւս մեկ շրջան կատարեց դրոշով արդեն միայնակ:
Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկը: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում Նազարյանը առաջին մրցափուլում 8:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Էրվին Ցուցորին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Կաստեւին:
Աղբյուր՝ News.am