
ԱՄՆ ԶՈւ-ն ավարտին է հասցրել Իրանի ուղղությամբ հերթական հարվածների իրականացումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հզոր հարվածների հերթական ալիքը՝ ի պատասխան երեկ ԱՄՆ ուժերի դեմ իրականացված հրթիռային հարձակման փորձի»,- ասվում է CENTCOM-ի X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կետերին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերին, ափամերձ դիտարկման և պաշտպանության օբյեկտներին, ինչպես նաև ռազմածովային ուժերի միջոցներին։
Երեկ Իրանը հարվածել էր Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազային։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ գործողությունն անպատասխան չի թողնի։