«Հիմա մեր հերթն է». ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի տարածքին հասցված ավիահարվածների մասին, որոնք տևել են երկու ժամ։

Ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ԻՀՊԿ տասնյակ ռազմական օբյեկտների: Թիրախների թվում են եղել հրամանատարական կենտրոններ, հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքեր, ափամերձ պահպանության ու պաշտպանության համակարգեր, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի օբյեկտներ:

Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ հարվածների նպատակն է թուլացնել Իրանի և նրա դաշնակիցների ռազմական սպառնալիքը ԱՄՆ զորքերի, առևտրային նավերի ու Պարսից ծոցի երկրների համար։

Հուլիսի 28-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի տարածքից բալիստիկ հրթիռներ էր արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ, սակայն ԱՄՆ-ի և Հորդանանի հակաօդային պաշտպանությունը խոցել էր բոլոր թիրախները։ Նույն օրը Իրանը հարձակվել էր նաև Սուեզի ջրանցքով և Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։

Ի պատասխան այս գործողությունների՝ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համատեղ օդային հարվածներ էին հասցրել Իրաքի արևելքում գտնվող իրանամետ խմբավորումների ռազմաբազաներին։

Հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իրանի հարձակումն անպատասխան չի մնա։

Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել էր. «Մենք պատրաստվում ենք ուժգին հարված հասցնել նրանց, որովհետև հիմա հարվածելու մեր հերթն է»:

«Տեսնենք՝ կհաջողվի՞ արդյոք ինչ-որ պահի համաձայնության գալ: Բայց մենք պատրաստվում ենք նրանց շատ ուժգին հարված հասցնել»,- հավելել էր ԱՄՆ նախագահը:

Leave a Comment