Իտալիայի դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան․ քննարկվել են աստղագիտության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին այցելել է Բյուրականի աստղադիտարան, որտեղ նրան հյուրընկալել են Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայլեյանը և ICRANet միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև աստղագիտության ոլորտում ձևավորված երկարամյա գիտական համագործակցության պատմությունն ու հետագա զարգացման հնարավորությունները։

Նշվում է, որ դեռևս 1960-ականներից Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է Իտալիայի առաջատար գիտական հաստատությունների, մասնավորապես՝ Ասիագոյի աստղադիտարանի հետ՝ իրականացնելով համատեղ գիտական ծրագրեր և ակադեմիական փոխանակումներ։

«Հատկապես ընդգծվել է Հռոմի Սապիենցա համալսարանի հետ իրականացված համագործակցությունը Բյուրականի առաջին շրջահայության (First Byurakan Survey) թվայնացման ուղղությամբ, որը հայ-իտալական գիտական համագործակցության կարևորագույն ձեռքբերումներից է։

Հանդիպման ընթացքում Ա․ Միքայելյանը ներկայացրել է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով դրանց նշանակությունը հայկական գիտության զարգացման և միջազգային գործընկերության ամրապնդման գործում։

Այցի շրջանակում դեսպանը ծանոթացել է նաև աստղադիտարանի հիմնական դիտողական գործիքներին՝ խոշորագույն 2.6 մետր հայելու տրամագծով աստղադիտակին, ինչպես նաև 1 մետր հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակին, որի միջոցով իրականացվել է աշխարհահռչակ Բյուրականյան առաջին շրջահայությունը (Մարգարյանի շրջահայություն)։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ICRANet-ի գործունեությանը։ Կազմակերպությունը, որի կենտրոնական համակարգող գրասենյակը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքում, իսկ հայկական կենտրոնը՝ Երևանում, խթանում է աստղաֆիզիկայի, տիեզերագիտության և ֆիզիկայի բնագավառներում առաջատար հետազոտությունները՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների վերապատրաստմանը և միջազգային համատեղ ծրագրերի իրականացմանը»,-ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment