4 հազար դոլար՝ զինծառայությունից ազատելու համար․ գործը Հակակոռուպցիոն դատարանում է

2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել երկու անձի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Գործն առաջին անգամ է ստացվել դատարան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Ինչպես նշված է փաստաթղթում, գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Դեպքի հանգամանքները

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մ. Թ.-ն, ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձի հետ ունենալով որոշակի հարաբերություններ և դրանցով պայմանավորված՝ օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Դ. Մ.-ի օգտին հովանավորչություն կատարելու՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնականապես ազատվելու համար, շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և Ե. Մ.-ից ստացել խոշոր չափերով՝ 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1.540.000 դրամ գումար։

Ե. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իր ներկայացրած անձի՝ որդու՝ Դ. Մ.-ի օգտին, իրավասու պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության համար կաշառք տալու շուրջ, սակայն կաշառք տալու մտադրությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել՝ կաշառքի առարկան պաշտոնատար անձի չփոխանցվելու հանգամանքով պայմանավորված։

Ո՞ր հոդվածներով է առաջադրվել մեղադրանքը

Մ. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։

Ե. Մ.-ին՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ի՞նչ խափանման միջոց է կիրառվել

Ըստ Դատալեքսի տվյալների՝ գործով կիրառվել է տնային կալանք և վարչական հսկողություն։ Մ. Թ.-ի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև բացակայելու արգելք և գրավ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝

Leave a Comment