Մանասյանը ՊՆ հոսպիտալում ուսումնասիրել է զինծառայողի ծեծի մասին ահազանգը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, ուսումնասիրել զինծառայողի ծեծի հետ կապված ահազանգին առնչվող հանգամանքները, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Նա նաև ուսումնասիրել է բժշկական փաստաթղթերը։

ՄԻՊ-ը հավելել է, որ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ-ը հանդես կգա լրացուցիչ:

Հուլիսի 28-ին իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ հուլիսի 22-ին դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա խոսքով՝ զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ՝ հոգեկան առողջական խնդիրներով։

Ավելի ուշ ՊՆ հերքել էր զինծառայողի ծեծի մասին տեղեկությունը։ ՊՆ-ն նաև պատրաստակամություն էր հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով:

Leave a Comment