Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի անդամների արտահերթ ժողովը, որի օրակարգում ներառված հարցերից մեկը ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Ժողովին մասնակցել են «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի 600 անդամներից ընտրված 33 պատվիրակներից 31-ը, ինչպես նաև հրավիրված անձինք՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Մանդատ ունեցող մասնակիցները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը, ինչին հաջորդել է ՀԲՖ գլխավոր քարտուղար, նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Նազարյանի ելույթը: 

Նա ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: 

«Առաջիկա չորս տարիներին մեր նպատակը պետք է լինի հայկական բասկետբոլը տեղափոխել բոլորովին նոր մակարդակ։ Դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանով՝ եթե շարունակենք աշխատել միասնական թիմով, լսենք միմյանց և կայացնենք երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ որոշումներ։ Վստահ եմ, որ միասին կարող ենք առաջիկա չորս տարիները դարձնել հայկական բասկետբոլի պատմության ամենահաջող շրջանը»,- ասել է Արթուր Նազարյանը:

Առաջիկա անելիքների ցանկում Արթուր Նազարյանը հատկապես շեշտադրել է պետության հետ գործակցության ամրապնդումը, Սփյուռքի հետ կապերը խորացնելու և ավելի բազմաշերտ դարձնելու պլանները, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ կապված նպատակները, պատանեկան բասկետբոլի և կանոնավոր առաջնությունների բարելավումը, ինչպես նաև բասկետբոլի Ա լիգայի զարգացումը:

Ժողովի մասնակիցներն Արթուր Նազարյանին բաց քվեարկությամբ միաձայն ընտրել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Արթուր Նազարյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ համակարգելով կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։

2012 թվականից նա FIBA International Commissioner է, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Արթուր Նազարյանը



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment