29 հուլիսի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ Lori Peak միջոցառումների անցկացման վայրում, հուլիսի 26-ին անցկացվել է հարսանեկան միջոցառում, որից մի քանի ժամ անց մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման դեպքի վերաբերյալ:
Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ ևս 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։
Ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ-ի տեսուչները նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել Lori Peak հանրային սննդի օբյեկտում։ Առկա կերակրատեսակներից վերցվել են նմուշներ և ուղարկվել լաբորատոր հետազոտության։
Հետազոտության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ։ Մասնավորապես՝
- սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես դեպի խոհանոց,
- խոհանոցի պատերի մի շարք հատվածներ հարթ չեն, չեն պահպանվում նորոգ վիճակում և պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ու ոչ թունավոր նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղաններն ու սառնարանների դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, հեշտ մաքրվող, ախտահանվող և կոռոզիային դիմացկուն նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։