Կառավարելի լարվածություն Բաքու-Թեհրան հարաբերություններում․ երկու երկրների միջև հակասություններն անցել են տեղեկատվական դաշտ

ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին սրվել են նաև Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Փորձագետները դա տեղեկատվական ու հետախուզական պատերազմի նոր ճակատ են համարում։ Իրանը թշնամական է անվանում ադրբեջանական պետական լրատվամիջոցը, Ադրբեջանն էլ դադարեցնում է իրանական լրատվամիջոցների գործունեությունն իր երկրի տարածքում։

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը վերաճել է լրատվական պատերազմի։ Իրանն Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը թշնամական լրատվամիջոց է անվանել, որի հետ գործակցությունը դիտարկում է քրեական պատասխանատվության տիրույթում։ Ի պատասխան՝ Ադրբեջանն հայտարարել է, որ իր տարածքում անօրինական է իրանական Mehr լրատվական գործակալության և Seher TV-ի հեռարձակումը։

Այն, ինչ այսօր կատարվում է Իրան-Ադրբեջան հարաբերություններում, ցույց է տալիս, որ կան խնդրահարույց հարցեր, որոնք, սակայն, կառավարելի են՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը․

«Կարծում եմ, որ սա երկու երկրների միջև ամբողջովին չկարգավորված հարաբերությունների համատեքստում է և քարոզչական, տեղեկատվական դաշտում՝ փոխադարձ հակաքայլերի տրամաբանության մեջ։ Տևական ժամանակ է, հատկապես 2020 —ից հետո, երկու երկրների միջև առկա խնդիրներն արտացոլվում են տեղեկատվական դաշտում։ Նախկինում էլ Ադրբեջանը թե՛ կայքերի ու լրատվամիջոցների, թե՛ առանձին կրոնական, մշակութային կազմակերպությունների սահմանափակումներ է մտցրել, որով նվազեցրել է Իրանի ազդեցությունը երկրում։ Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրները շարունակվում են»։

Թե որն է լարվածության այս փուլի պատճառը, հստակ չի ձևակերպվում։ Թեհրանն ու Բաքուն պարբերաբար անհամաձայնություններ են ունենում տարածաշրջանին առնչվող մոտեցումներում։ Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը մասնավորապես տարակուսանք է հայտնել Թեհրանի որոշման առիթով, իսկ իր որոշումը պարզաբանել այն հանգամանքով, որ իրանական լրատվամիջոցները քարոզչություն են վարում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։

Լարվածության նոր փուլը որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Բաքուն հող է նախապատրաստում Իրանի դեմ որոշակի քայլեր անելու համար։

Կարծիքներ կան նաև, թե տեղեկատվական լարվածությանը կարող է հաջորդել դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Արմեն Պետրոսյանը համամիտ չէ այս պնդումներին և կարծում է, որ Բաքուն չի սրի հարաբերությունները․

«Նշված սցենարներն այս պահին է չափազանցված են․ կողմերի միջև հարաբերությունները դիվանագիտական ու քաղաքական մակարդակում ակտիվ և կառավարելի են։ Ինչ վերաբերվում է Իրանի տարածքում թյուրքախոսներով բնակեցված հատվածների նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին կամ շատ ավելի լայն ռազմական առճակատման հավանականությանը, կարծում եմ, որ նման սցենարները շատ նվազ հավանական են, և գրեթե անհնարին են հատկապես Իրան-ԱՄՆ պատերազմի ընթացքում, եթե հաշվի առնենք Իրանի դրսևորած դիրքորոշման և ցուցաբերած դիմադրության և Իրանի հնարավոր արձագանքների ընդհանուր համատեքստը»։

Փորձագետի եզրահանգմամբ՝ ո՛չ Իրանը և ո՛չ էլ Ադրբեջանը հակված չեն սրելու լարվածությունը, քանի որ երկու երկրներն էլ այս պահին այլ առաջնահերթություններ ունեն։

Leave a Comment