Բաքուն և Մոսկվան ձևավորում են ՀՀ հանրաքվեների օրակարգը. Սուրենյանց – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի կանգնած է երկու հանրաքվեի հեռանկարի առաջ, որոնց օրակարգը ձևավորվում է արտաքին դերակատարների կողմից։

Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին հաջորդած Մոսկվայի հայտարարությանը։ Ռուսական կողմն ընդգծել էր ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը։

Քաղաքագետի խոսքով՝ առաջինը Բաքվի պահանջով Սահմանադրության փոփոխության հանրաքվեն է, իսկ երկրորդը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցը, որի անցկացումն առաջ է մղում Մոսկվան։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Պեսկովի հայտարարությունը վկայում է, որ նման հանրաքվեի հարցն արդեն տեսական հարթությունից տեղափոխվել է գործնական։ Նա նշել է, որ արտաքին գործոններով պայմանավորված առաջին հանրաքվեն սահմանադրականն է, որը Ադրբեջանը տարիներ շարունակ ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի կնքման առանցքային նախապայմաններից մեկը։

Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ 2025 թվականին ընդունված «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը, նրա կարծիքով, ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Նա վկայակոչել է մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով առաջարկվել էր անցկացնել հանրաքվե՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում հետագա մասնակցության հարցով, ինչպես նաև նախատեսվել էր պատրաստել զեկույց՝ միության մասին պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։

Սուրենյանցի խոսքով՝ ՀՀ վարչապետը շարունակում է պնդել, որ հանրաքվեն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը անդամակցության համար, և հարցը ստանա առարկայական բնույթ։ Սակայն, ըստ քաղաքագետի, երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվում է Հայաստանի սահմաններից դուրս։

Նա նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը վկայում է արտաքին դերակատարների կողմից Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական պարտավորությունների նկատմամբ վստահության նվազման մասին։ Սուրենյանցի կարծիքով՝ Մոսկվան և Բաքուն իրենց համար կարևոր հարցերը փորձում են ամրագրել ոչ թե քաղաքական պայմանավորվածություններով, այլ հայ ժողովրդի ուղղակի կամարտահայտությամբ։

Քաղաքագետը խորհրդանշական է համարում ստեղծված իրավիճակը, երբ իշխանությունները հայտարարում են Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին, իսկ երկիրն իրականում կանգնած է արտաքին խաղացողների նախաձեռնած երկու հանրաքվեների հեռանկարի առջև:

Սուրենյանցը կարծում է, որ խոսքը միայն արտաքին քաղաքականության մասին չէ, այլ նաև Հայաստանի պետական ինքնիշխանության, միջազգային սուբյեկտայնության և արտաքին գործընկերների կողմից գործող իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակի։

Նրա գնահատմամբ՝ երբ ռազմավարական որոշումների օրակարգը ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը միայն արձագանքում է այդ գործընթացներին, «աննախադեպ ինքնիշխանության» մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական բովանդակությունը։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ հանրաքվեն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցության համար, և հարցը ստանա առարկայական բնույթ։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներ չեն քննարկվել, սակայն ընդգծվել է այն հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը։

Leave a Comment