Ես Գարեգին Երկրորդի անունով կաթողիկոս չեմ ճանաչում. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցության հարցը շարունակում է մնալ քննարկման թեմա։

Լրագրողների հարցին՝ արդյոք Վեհափառը ներկա է լինելու ԱԺ առաջին նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Ես Գարեգին Երկրորդի անունով կաթողիկոս չեմ ճանաչում»։

Միևնույն ժամանակ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջին նիստին հնարավոր է մասնակցի կարգալույծ քահանա Տեր Թադեն։

«Այդ օրը պարզ կլինի», – ասել է կարգալույծ քահանա, Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տեր Թադեն (Արամայիս Թախմազյանը)՝ անդրադառնալով ԱԺ առաջին նիստին իր մասնակցությանը։

Նա դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից, սակայն չի հայտնել, թե ինչ նպատակով էր այնտեղ եղել։

Հարցին՝ արդյոք ինքը ցանկանում է փոխարինել Կաթողիկոսին ԱԺ նիստում, Տեր Թադեն պատասխանել է․
«Կարող եք հարցն ուղղել ԱԺ-ին, համապատասխան գրասենյակ, այնտեղ ձեզ կպատասխանեն»։

Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների՝ Վեհափառը հրավեր չի ստացել մասնակցելու ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստին։

Leave a Comment