Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 հոգևորականի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան 

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս 6 բարձրաստիճան հոգևորականի քրեական գործը 2026թ. հուլիսի 27-ին ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու համար։ Գործի հիմքում ընկած է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկության և կարգալույծ հռչակելու հանգամանքը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը գործել է դատարանի արգելքին հակառակ։ 

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, խոչընդոտել է դատարանի կայացրած որոշման կատարմանը։ Մասնավորապես, 2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը, ով ղեկավարել է Մասյացոտնի թեմը, դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Նշված հայցադիմումի հետ Արման Սարոյանը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։

2026թ. հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, և նույն օրը որոշում է կայացվել Ա. Սարոյանի միջնորդությունը բավարարելու մասին՝ պարտավորեցնելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Ինչպես նաև՝ արգելվել է կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու եկեղեցու կանոնադրությամբ թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։

Ըստ մեղադրանքի՝ դատարանի այդ որոշման հիման վրա հարկադիր կատարողի կողմից նույն օրը հարուցվել է կատարողական վարույթ, և արդեն հունվարի 19-ին համապատասխան փաստաթղթերը՝ դատարանի որոշման ու կատարողական թերթի պատճենները, պաշտոնապես հանձնվել են Մայր Աթոռին՝ ի դեմս Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի։

Սակայն, Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ կաթողիկոսն է, անդրադառնալով Սարոյանի հրապարակային ելույթներին և հայտարարություններին, որոնցում նա, ըստ Խորհրդի գնահատականի, զրպարտիչ մեղադրանքներ էր հնչեցրել Մայր Աթոռի, իր ծառայակից եկեղեցականների և Կաթողիկոսի հասցեին, խստորեն դատապարտել է այդ վարքագիծը՝ այն որակելով որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում։ Խորհուրդը միաձայն որոշել է առաջարկել Կաթողիկոսին, որպեսզի նա Սարոյանին կարգալույծ հռչակի: Այսինքն՝ զրկել նրան իր հոգևոր աստիճանից ու հետևաբար նաև իրավունքից՝ գործելու որպես եպիսկոպոս կամ թեմի առաջնորդ։ Գարեգին Բ-ն ընդունել է այս առաջարկը և պաշտոնապես կարգալույծ է հայտարարել Սարոյանին։

Սա գնահատվել է որպես դատարանի որոշման կատարմանը գիտակցված խոչընդոտում, քանի որ դատարանն արդեն արգելել էր ցանկացած գործողություն, որը կխանգարեր Սարոյանին շարունակել պաշտոնավարել որպես թեմի առաջնորդ:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև եկեղեցու վեց այլ բարձրաստիճան հոգևորականների, ովքեր Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ: Նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը, ով արքեպիսկոպոս է և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրենը, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։ 

Հոգևորականների նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2026թ. հունվարի 29-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելու և համակցության հատկանիշներով: 

Իսկ 2026թ. հունվարի 31-ին, առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր էին հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ Քննչական կոմիտե ներկայանալու համար:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment