«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով մեղադրյալների միջև առերեսում կիրականացվի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով 5 մեղադրյալներին և Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Ձերբակալված 5 անձինք ազատ են արձակվել, տեղեկացրել է թերթը։
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդմամբ՝ միջադեպի առնչությամբ 5 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 2 միլիոն դրամ գրավը: Մյուս 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել:
Հուլիսի 25-ի գիշերը Կոնջորյանը դաժան ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
