Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի համար պատասխանատվությունը կխստացվի․ նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում՝ երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի և նրանց պաշտպանության իրավական մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է խստացնել քրեական պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ հանցագործությունը կատարվում է երեխայի նկատմամբ վստահության, խնամքի, վերահսկողության կամ ազդեցության հարաբերությունների պայմաններում։

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետությունում երեխաների նկատմամբ բռնության արգելքը և նրանց պաշտպանության ապահովումը նախատեսված են մի շարք օրենսդրական ակտերով, ներառյալ՝ ընտանեկան օրենսգիրքը, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները, ինչպես նաև՝ քրեական օրենսգիրքը։

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) կողմից Ա.Պ-ն ընդդեմ Հայաստանի գործով[1] արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումները և դրանց կիրառման պրակտիկան չեն ապահովում երեխաների նկատմամբ կատարվող բռնության արդյունավետ պաշտպանությունը։

Մասնավորապես, ՄԻԵԴ-ն արձանագրել է հետևյալ համակարգային խնդիրները

Ø    պետության կողմից երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և պաշտպանության պոզիտիվ պարտավորությունների ոչ լիարժեք իրականացում,

Ø    բռնության վերաբերյալ հաղորդումների դեպքում արդյունավետ, արագ և ամբողջական քննության բացակայություն,

Ø    գործող իրավական մեխանիզմների գործնական անարդյունավետություն։

Բացի այդ, «Երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 18-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու դիտավորությամբ կատարված հետևյալ արարքների քրեականացումը.

ա)    այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին,

բ)     երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, եթե (…) բռնությունը կատարվել է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում՝ ընտանիքում (…) »։

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը կատարվում է այնպիսի անձանց կողմից, որոնց երեխան ճանաչում է և վստահում։

Ըստ այդմ, «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոմիտեի (այսուհետ՝ Լանզարոտեի կոմիտե) «Երեխաների պաշտպանությունը վստահության շրջանակում սեռական բռնությունից» թեմայով զեկույցում արձանագրվել է, որ «Վստահության շրջանակը» ներառում է՝ ընդլայնված ընտանիքի անդամներին, երեխայի խնամք իրականացնող կամ նրա նկատմամբ վերահսկողություն ունեցող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց հետ երեխան շփվում է վստահության միջավայրում (ընտանիքի ընկեր, հարևան), ներառյալ՝ նրա մերձավոր հասակակիցները։

Կոմիտեն արձանագրել է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության քրեականացման համապարփակ օրենսդրության առկայությունը, որը վերաբերում է բոլոր տարիքային խմբերի երեխաներին և ներառում է վստահության, իշխանության կամ ազդեցության ճանաչված դիրք զբաղեցնող անձանց կողմից կատարվող արարքները, հանդիսանում է անհրաժեշտ պայման՝ ապահովելու համար, որ բոլոր երեխաները պաշտպանված լինեն սեռական բռնությունից։

Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգիրքը, կարգավորելով սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մի շարք հանցակազմերում որպես առանձին որակյալ հատկանիշ չի նախատեսում այն հանգամանքը, երբ այդ հանցագործությունները կատարվում են երեխայի նկատմամբ ուսումնական կամ խնամքի կամ սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակցի կողմից, իսկ որոշ հանցակազմերում՝ նաև այն անձանց կողմից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, լինելով «Երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասնակից, ստանձնել է պարտավորություն քրեականացնելու ոչ միայն սեռական բռնությունը կամ հարկադրանքը, այլ նաև այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք իրականացվում են վստահության, իշխանության կամ ազդեցության դիրքի չարաշահման պայմաններում։

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն՝ Ա.Պ-ն ընդդեմ Հայաստանի վերաբերյալ վերը վկայակոչված գործով արձանագրել է նաև, որ պետությունը պարտավոր է ապահովել երեխաների արդյունավետ պաշտպանությունը սեռական ոտնձգություններից, այդ թվում՝ ստեղծելով համապատասխան քրեաիրավական մեխանիզմներ և հաշվի առնելով երեխայի վիճակի խոցելիությունը։ Արձանագրվել է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության և նմանատիպ ծանր արարքների զսպման արդյունավետ միջոցների ապահովումը հնարավոր է միայն իրավապահ մեխանիզմներով ամրապնդվող՝ քրեական իրավունքի արդյունավետ դրույթների առկայության պայմաններում: ՄԻԵԴ-ը հատուկ կարևորել է այն հանգամանքը, որ իրավական համակարգը պետք է կարողանա պատշաճ արձագանքել այն դեպքերին, երբ սեռական ոտնձգությունը կատարվում է երեխայի նկատմամբ ազդեցություն ունեցող անձի կողմից։

Նշվածից զատ, Քրեական գործող օրենսգրքի 473-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից բացառապես 198-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար իրավասու մարմնին չհայտնելու համար։

Նման պայմաններում գործող իրավակարգավորումը երեխային սեռական բռնությունից պաշտպանելու կամ տեղի ունեցած բռնության դեպքին հակազդելու պետության պոզիտիվ պարտականությունը դարձնում է ոչ արդյունավետ։ Նշվածն ավելի է ընդգծում անարդյունավետ մեխանիզմների առկայությունը հատկապես այն դեպքերում, երբ երեխայի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվող, հանցափորձի փուլում գտնվող կամ ավարտված հանցանքի վերաբերյալ տեղեկությունները հայտնի են ուսումնական կամ խնամքի կամ սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակցին կամ այն անձին, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն։

Այսպիսով, գործող իրավակարգավորումների պայմաններում, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում որպես որակյալ հատկանիշ նախատեսված չէ արարքն այնպիսի անձի կողմից կատարելը, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կամ կրթական կամ խնամքի կամ բժշկական հաստատության աշխատակցի կամ այն անձի կողմից, ում անչափահասը վստահել է՝ պայմանավորված նրա կարգավիճակով կամ իր հետ ունեցած հարաբերություններով:

Բացի այդ, գործող իրավակարգավորումների պայմաններում քրեական պատասխանատվություն չի նախատեսվել (բացառությամբ՝ 198-րդ հոդվածի) հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող այն հանցանքների մասին իրավասու մարմնին չհայտնելու համար, որոնք ուղղված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ, իսկ նշված հանցանքների, ներառյալ՝ դրանց ավարտի վերաբերյալ տեղեկություններ տիրապետելու դեպքերը, որոնք հայտնի են ուսումնական կամ խնամքի կամ սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակցին կամ այն անձին, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, նախատեսված չեն որպես հանցանքի որակյալ հատկանիշ։

Վերոշարադրյալ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ լիարժեք չեն ընդգրկվում այն դեպքերը, երբ սեռական բնույթի հանցագործությունները կատարվում են վստահության և ենթակայության հարաբերությունների պայմաններում, ինչը նվազեցնում է երեխաների քրեաիրավական պաշտպանության արդյունավետությունը և չի ապահովում միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացումը, բացի այդ, ստեղծված իրավիճակը չի նպաստում երեխային սեռական բռնությունից պաշտպանելու կամ տեղի ունեցած բռնության դեպքին հակազդելու պետության պոզիտիվ պարտականության իրագործմանը և այն դարձնում է ոչ արդյունավետ՝ քրեաիրավական պատշաճ մեխանիզմների բացակայության համատեքստում։

 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները կարգավորող համապատասխան հոդվածներում ամրագրել նոր որակյալ հատկանիշ, որով ավելի խիստ պատասխանատվություն կսահմանվի այն դեպքերի համար, երբ հանցագործությունը կատարվել է երեխայի նկատմամբ՝ հատուկ սուբյեկտի կողմից։

Մասնավորապեսառաջարկվում է որպես որակյալ հատկանիշ նախատեսել, երբ արարքը կատարվել է՝

  • ուսումնական կամ խնամքի կամ սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակցի,
  • կամ այն անձի կողմից, ում անչափահասը վստահել է՝ պայմանավորված նրա կարգավիճակով կամ իր հետ ունեցած հարաբերություններով:

Նախագծով նախատեսված կարգավորումները նպատակ ունեն իրավական գնահատման տեսանկյունից առանձնացնել այն դեպքերըերբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվում է ոչ միայն երեխայի նկատմամբայլ նաև վստահությանենթակայության կամ վերահսկողության հարաբերությունների պայմաններում՝ պայմանավորված հանցանք կատարած անձի զբաղեցրած դիրքով և երեխայի նկատմամբ ունեցած պարտականություններով։

Նշվածից զատ, նախագծով առաջարկվում է լրացնել Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածը և քրեական պատասխանատվություն նախատեսել անչափահասի դեմ ուղղված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող կամ ավարտված, Քրեական օրենսգրքի 198-202-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելու համար:

 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարելագործվեն Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումները, ինչի արդյունքում կբարձրանա երեխաների քրեաիրավական պաշտպանության արդյունավետությունը և կապահովվի կարգավորումների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

Leave a Comment