Կիևյան կամուրջը նոր կյանք է ստանում․ երթևեկությունը կբացվի սպասվածից շուտ (ՏԵՍԱՄՅՈՒԹ)

Կիևյան կամուրջը նոր կյանք է ստանում․ երթևեկությունը կբացվի սպասվածից շուտ (ՏԵՍԱՄՅՈՒԹ)

Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Կիևյան կամուրջը, այս օրերին հիմնանորոգվում է։ Տասնամյակներ շարունակ կուտակվել են տեխնիկական խնդիրներ, և հիմա դրանց լուծման նպատակով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։

Հիմնանորոգման անհրաժեշտությունը պարզ է դարձել այս տարվա սկզբին, երբ Երևանի քաղաքապետարանը տեխնիկական ուսումնասիրության է ենթարկել մայրաքաղաքի բոլոր կամրջային կառուցվածքները։ Արդյունքում պարզվել է, որ Կիևյան կամուրջը լուրջ վերանորոգման կարիք ունի։

«Ունենալով տվյալները, այսինքն՝ թե ինչ վիճակում է գտնվում Հրազդանի մեծ կամուրջը, որոշվեց այն հիմնանորոգել, որովհետև ունեինք խնդիրներ, որոնք պահանջում էին լուծում։ Պլանավորումն այնպես արվեց, որպեսզի աշխատանքները կատարվեն այս ամառային սեզոնին, որովհետև քաղաքի մի որոշ հատված գտնվում է արձակուրդային ռեժիմում»։

Հիմնանորոգման ընթացքում ամբողջությամբ ապամոնտաժվել են հին ասֆալտբետոնե ծածկը, դեֆորմացիոն կարերն ու կոմպենսատորները։

«Իրականացվում է նաև մալուխների, լուսավորության սյուների մոնտաժում։ Առաջին անգամ Հայաստանում կիրառվելու է ակրիշով տեսակի նյութը՝ դեֆորմացիոն կարերի հատվածում»։

Ներկայումս իրականացվում են նաև նոր ջրահեռացման համակարգի, ջրամեկուսացման, բազալտե սալապատման, դիտահորերի, խողովակաշարերի և այլ ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։

Շինարարներն ընդգծում են, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն երթևեկելի հատվածով։ Վերանորոգվում են նաև մայթերը, բազրիքները, կամրջի ստորին կառուցվածքները։

Հենասյուները, ճաղավանդակները և կամրջի պատմական տեսքը պահպանվելու են։

Կիևյան կամրջի վերջին խոշոր հիմնանորոգումը կատարվել է դեռևս 1970-ականներին։ 2004-2005 թվականներին էլ են կատարվել նորոգման աշխատանքներ, բայց դրանք այս ծավալի չեն եղել։

«Այն, ինչ հիմա տեսնում եք, այդքանով չեն ավարտվում աշխատանքները, և սա չէ ամբողջ աշխատանքների բնույթը, այսինքն՝ միայն երթևեկելի մասը չէ։ Ներկայումս, ինչպես աշխատանքներ են կատարվում կամրջի այս հատվածում, այնպես էլ ստորգետնյա, այսինքն՝ ներքևի հատվածում են աշխատանքներ կատարվում, որպեսզի, երբ ավարտենք, կամուրջը համարենք ամբողջովին հիմնանորոգված»։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 460 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Երևանի բյուջեից։

Թեև նախնական ժամանակացույցով երթևեկությունը նախատեսվում էր վերականգնել օգոստոսի վերջին, սակայն աշխատանքներն արագ են ընթանում, և դրա շնորհիվ կամրջի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել շատ ավելի շուտ՝ օգոստոսի 15-ին։

«Մինչև օգոստոսի 15-ը նախատեսում ենք երթևեկելի բոլոր գոտիների բացումը, դրանից հետո շարունակելու ենք արդեն հիմնականում կամրջի տակի աշխատանքները՝ մինչև դեկտեմբեր»։

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Կիևյան կամրջի հիմնանորոգումը մայրաքաղաքի կամրջային տնտեսության արդիականացման առաջին խոշոր փուլերից է։ Այս տարվա ընթացքում նախատեսվում է սկսել նաև Լամբադա կամրջի հիմնանորոգումը, իսկ հաջորդ տարիներին աշխատանքները կշարունակվեն Երևանի մյուս կամրջային կառույցներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment