Հայաստանի տնտեսությունը դրված է քաղաքական հարցերի զոհասեղանին. Բադալյան

Հայաստանի տնտեսությունը դրված է քաղաքական հարցերի զոհասեղանին. Բադալյան

Երեկ տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, որն առաջինն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Հեռախոսազրույցում ընդգծվել է ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսքան ուշ տեղի ունեցավ զրույցը, և մասնավորապես, ինչպես նկատեցինք, այնտեղ որևէ խոսք չկար ընտրությունների արդյունքների մասին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ըստ ամենայնի, Մոսկվայի համար այդ արդյունքը գլխավորը չէ այն հարցերի համատեքստում, որոնք ռուսական քաղաքականության օրակարգում կան Հայաստանի հետ կապված։ Իհարկե, սա ընկալվում է որպես Նիկոլ Փաշինյանից, նրա կառավարումից և քաղաքականությունից Ռուսաստանի դժգոհության դրսևորում։ Ես, մեղմ ասած, իհարկե չեմ ասի, թե Ռուսաստանը գոհ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, բայց լայն իմաստով, կարծում եմ, Ռուսաստանն իր դժգոհությունը կարող էր արտահայտել ընդհուպ ուղիղ ձևակերպումներով։ Բայց, իմ կարծիքով, Ռուսաստանի համար խորհրդարանի ընտրության արդյունքն այս պահին Հայաստանի հետ կապված օրակարգում գլխավոր հարցերից չէ։ Սա է նաև պատճառը, որ Մոսկվան մեծ հաշվով առանձնապես ակտիվ չէ այս ընտրության անդրադարձերի հարցում, եթե խոսքը վերաբերում է քաղաքական բարձրագույն մակարդակին։

-Հեռախոսազանգի ընթացքում քննարկել են ՌԴ արտահանման խնդիրները։ Ըստ Ձեզ՝ այս հեռախոսազանգը ռուսական կողմի վրա որևէ ազդեցություն կունենա՞ խնդիրը լուծելու համար։

-Ես կարծում եմ՝ այստեղ ևս Հայաստանի տնտեսությունը դրված է ավելի էական քաղաքական հարցերի զոհասեղանին, և տնտեսությունը զոհաբերվում է թե՛ Հայաստանի իշխանության քաղաքական կոնյուկտուրային, և թե՛ առավել ևս Ռուսաստանի իշխանության քաղաքական ավելի առաջնահերթ օրակարգերին։

-Կրեմլից հարց են բարձրացնում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցության համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Արդյոք կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ։

-Հանրաքվեն առհասարակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջն է՝ վերպետական միավորումներին անդամակցելու հարցը որոշել հանրաքվեի միջոցով։ Եվ եթե զուտ դիտարկում ենք այս հանգամանքը, ապա նշենք, որ սա պարզապես Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Անմիջականորեն ինչո՞ւ է Ռուսաստանն այս հարցը բերում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ ու այդպես հետևողականորեն բարձրաձայնում խնդիրը, երբ բոլորս հասկանում և պատկերացնում ենք, և առավել ևս Ռուսաստանը, որ Հայաստանը, մեղմ ասած, չափազանց հեռու է ԵՄ-ին անդամակցելու իրական գետնից։ Եվ այս տեսանկյունից հարց է առաջանում, թե ինչու է Ռուսաստանը փութաջանորեն բարձրաձայնում այս խնդիրը։ Ես դարձյալ հակված եմ մտածելու, որ այստեղ էլ բուն հարցը կապված չէ Հայաստանի հետ, այլ Հայաստանի միջոցով ավելի էական քաղաքական օրակարգեր և քաղաքական ուղղություններ սպասարկելու հետ։ Ես կարծում եմ՝ այս հարցերը Ռուսաստանի համար առավել էական են հենց Եվրասիական տնտեսական միության ներքին միջավայրը կառավարելու տեսանկյունից, որովհետև տեսնում ենք, որ բավականին բազմիմաստ է, օրինակ, շատ ավելի լուրջ խաղացող և ռեսուրսներ ունեցող Ղազախստանի վարքագիծը։ Եվ Հայաստանի ուղղությամբ հարցերը սրելով՝ Ռուսաստանը, կարծում եմ, փորձում է կառավարել իրավիճակը։ Բոլորովին չենք կարող բացառել, որ այդ հանրաքվեի գաղափարը նաև միտված է ԵՄ-ի համար Հայաստանի քաղաքականության գինը բարձրացնելուն։

Առիթ ունեցել եմ բազմաթիվ անգամներ ասելու, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պետք չէ գնահատել միարժեք և առերևույթ, որ Հայաստանը հայտնվում է թիրախում Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համար։ Դա մակերեսն է․ խորքում տեղի է ունենում շատ ավելի բարդ պրոցես, և այդ հանրաքվեի գաղափարը, որ առաջ է բերվում, նաև միտված է հենց այդ բարդ պրոցեսում ինչ-որ հարցեր սպասարկելուն։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment