Iravaban.net–ը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրում։
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, կարկտապաշտպան համակարգ ներդնելու համար պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարողների համար արտադրանքի իրացման խնդիրների հետևանքները մեղմելու, նրանց լրացուցիչ արտոնություններ տրամադրելու, արտոնությունից օգտվելու նպատակով ֆինանսական կառույց դիմելու ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու, ինչպես նաև ծրագրի անցումային դրույթը հստակեցնելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Պետական աջակցության ծրագրերի (այգեհիմնման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման բաղադրիչներով) շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ փաստացի կարկտապաշտպան ցանցեր են ներդրվել 3507 հա ընդհանուր տարածքում, որից շուրջ 3250 հա-ն՝ վարկային բաղադրիչով։ Նախագծի շրջանակը առնչվում է ծրագրի շրջանակում հիմնված շուրջ 66 հա այգիների, որոնցում 4 շահառուի կողմից առանց այգեհիմնման, ներդրվել է կարկտապաշտպան ցանցերի համակարգ։
Վերջին ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվում են որոշակի սահմանափակումներ, որոնց հետևանքով պտղաբուծական և այգեգործական արտադրանք արտահանող տնտեսավարողները կրում են զգալի ֆինանսական կորուստներ և ունեն լրացուցիչ պետական աջակցության անհրաժեշտություն։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 923-Լ որոշմամբ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրերի շրջանակում այգեհիմնում իրականացրած շահառուների համար արդեն իսկ սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, որոնց համաձայն՝ վարկերի մարման ժամկետը երկարաձգվել է 1 տարով, ինչպես նաև տրամադրվել է վարկի մայր գումարի մարման լրացուցիչ 1 տարվա արտոնյալ ժամկետ։
Սակայն նույն խնդիրը շարունակում է առկա մնալ նաև այն շահառուների համար, որոնք պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, ներդնում են կարկտապաշտպան համակարգ։ Հետևաբար անհրաժեշտ է համանման արտոնություններ նախատեսել նաև նշված շահառուների համար՝ ապահովելով նրանց նկատմամբ հավասար մոտեցում և մեղմելով արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած դժվարությունները։
Գործող կարգավորմամբ արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն ֆինանսական կառույց պետք է դիմի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Սակայն մի շարք պտղատեսակների բերքահավաքն ու իրացումը իրականացվում է սեպտեմբեր ամսին, ուստի նպատակահարմար է արտոնություն ստանալու համար ֆինանսական կառույց դիմելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4 կետով (էջ 36) կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսության ինտենսիվացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և նպատակ է դրվել յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հա-ով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը, ոռոգման բնագավառում նոր համակարգերի զարգացման աջակցումը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագծի նպատակն է մեղմել Հայաստանի Հանրապետությունից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումների բացասական հետևանքները՝ ծրագրի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, կարկտապաշտպան համակարգ ներդնելու համար պետական աջակցության ծրագրերից օգտվող շահառուներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու միջոցով։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած գործնական խնդիրների կարգավորմանը։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ այն շահառուների համար, որոնք պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնված այգիներում ներկայումս օգտվում են առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգ ներդնելու պետական աջակցությունից, և որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը կերկարաձգվի 1 տարով, ինչպես նաև կտրամադրվի վարկի մայր գումարի մարման լրացուցիչ 1 տարվա արտոնյալ ժամկետ։
Բացի այդ, հաշվի առնելով, որ մի շարք պտղատեսակների բերքահավաքն ու իրացումը իրականացվում է սեպտեմբեր ամսին, առաջարկվում է արտոնությունից օգտվելու նպատակով ֆինանսական կառույցին դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն սահմանել 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։
Միաժամանակ, տարընկալումներից խուսափելու համար նախագծով հստակեցվում է ծրագրի անցումային դրույթը։
Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսը գնահատվում է շուրջ 2,6 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունման արդյունքում կթեթևանա ծրագրերի շրջանակում պետական աջակցություն ստացող տնտեսավարողների վարկային բեռը, կբարելավվի նրանց ֆինանսական կայունությունը, կմեղմվեն արտահանման սահմանափակումների տնտեսական հետևանքները, ապահովելով դրա միատեսակ կիրառումը աջակցության ծրագրերի շահառուների նկատմամբ։