ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի․ ՌԴ ԱՀԾ

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Բրյուսելում հասկանում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է բախվել  տնտեսական խոր ճգնաժամի։

Ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության համաձայն՝ ԵԱՏՄ շրջանակում ստացվող տնտեսական օգուտների դադարեցումը չի կարող փոխհատուցվել եվրոպական աջակցության հաշվին։

Հայտարարությունում նշվում է, որ ԵՄ-ում առկա տնտեսական խնդիրների պատճառով Բրյուսելը չի կարողանա Հայաստանին փոխհատուցել հնարավոր միլիարդավոր կորուստները։ Ըստ հաղորդագրության՝ եվրոպական մի շարք երկրներ արդեն հայտնել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն հայկական ապրանքների համար բացել իրենց շուկաները, եթե դա վնասի իրենց սեփական արտադրողներին։

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ԱՀԾ-ի, Բրյուսելը շարունակելու է Հայաստանին հավաստիացնել իր աջակցության մասին՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցությունը կախված է լինելու Երևանի՝ եվրաինտեգրման ճանապարհին գրանցած առաջընթացից։

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի կառավարությունից արդեն պահանջվում է նվազեցնել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, սահմանափակել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և չեզոքացնել այդ քաղաքականությանը դեմ արտահայտվող ներքին ուժերին։

Ծառայությունը պնդում է, որ այդ քաղաքականությունը խթանվում է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր ազատականացման հեռանկարներով և ապագայում Հայաստանը «բարգավաճ խաղաղության խաչմերուկ» դարձնելու խոստումներով։

«ԵԱՏՄ երկրները չեն պատրաստվում ֆինանսավորել Երևանի շարժումը դեպի ԵՄ և չեն պահելու Հայաստանի իշխանություններին այդ ճանապարհին»,- ասվում է հաղորդագրությունում։

2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին:

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

Leave a Comment