ՊԵԿ-ը շուկայում հայտնաբերել է կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր 

Պետական եկամուտների կոմիտեն շուկայում կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր է հայտնաբերել։ Ինչպես մեզ տեղեկացրին ՊԵԿ-ից, ընթացիկ հսկողության շրջանակում արձանագրված կեղծ նույնականացման միջոցները փակցված են եղել «Կիլիկիա» գարեջրի 0.33լ տարողությամբ շշերի վրա:

Կոմիտեի աշխատակիցները հավաքել են դրանք շուկայից. հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կիրառվել է բռնագրավում։

Ավելի վաղ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Հետք»-ն ուսումնասիրությամբ արձանագրել էր, որ «Կիլիկիա» գարեջրի որոշ խմբաքանակների Data Matrix ծածկագրերը չեն աշխատում։ Արտադրում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն։

Data Matrix (Դատա մատրիքս) երկչափ մատրիցային ծածկագրերը փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և առավել հայտնի են որպես QR կոդեր, որոնք փոխարինելու եկան նախկին ակցիզային դրոշմապիտակներին։ 

Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն, որն ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորն է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշված ընկերության E-Mark հավելվածով սքանավորել կոդը և տեսնել տվյալ ապրանքի մասին տեղեկությունները։ Եթե գործողությունը հաջողվում է, նշանակում է՝ ապրանքը շրջանառվում է, այսպես կոչված, «սպիտակ դաշտում», և այն տեսնում է նաև ՊԵԿ-ը։ Մեր նշած օրինակներում դա չէր հաջողվում։

Հարց էինք բարձրացրել՝ արդյո՞ք ապրանքների դրոշմապիտակների չընթերցվող ծածկագրերը նշանակում են, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրանքի մի մասը գտնվում է ստվերային շրջանառության մեջ և, հետևաբար, դուրս է հարկման դաշտից:

Այս հոդվածին արձագանքեցին ինչպես «Կիլիկիա» գործարանից, այնպես էլ՝ «Ի-Մարկ» ընկերությունից։

Մասնավորապես, «Կիլիկիա»-ից պնդում են, որ շուկայում իրենց արտադրած գարեջրի շշերի վրայի թվային դրոշմապիտակները հավելվածով չեն ընթերցվում ոչ թե կեղծ լինելու, այլ բացառապես տեխնիկական խնդիրների կամ ֆիզիկական վնասվածքների (խոնավություն, տեղափոխման ընթացքում առաջացած քերծվածքներ) պատճառով։ Գործարանը հավաստիացնում է, որ կոդերը գեներացվում են ավտոմատ կերպով, և իրենք տեխնիկապես չեն կարող դրանք ձեռքով փոփոխել կամ կրկնօրինակել։

Նրանք նաև նշել էին, որ նման կոդերի վերաբերյալ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտե, սակայն պաշտոնական պարզաբանում չի ստացել։

Թեմայի վերաբերյալ ՊԵԿ-ի պատասխանը, փաստորեն, հակառակի մասին է։ Ուշագրավ է, որ ՊԵԿ-ն օգտագործել է հենց «կեղծ» բառը, ինչը նշանակում է, որ գարեջրի վրա փակցված դրոշմապիտակները իրական չեն եղել և տվյալ խմբաքանակը կամ խմբաքանակները ստվերային են։ Սակայն, թե ինչ ծավալների մասին է խոսքը, դրանք շուկայից հավաքելուն ինչ գործընթաց է հաջորդել, ՊԵԿ-ից առայժմ չեն մանրամասնել։ 

Ի դեպ, «Ի-Մարկ»-ից, արձագանքելով մեր նախորդ հոդվածին, նշել էին, որ թվային ծածկագրերում կամ դրանցում պարունակվող տվյալներում հնարավոր է նիշեր փոխել և արտատպել։

ՊԵԿ-ը «Կիլիկիա» գործարանին փոխկապակցված ընկերություններում խախտումներ չի հայտնաբերել, բայց գործարանում որոշ խախտումներ արձանագրել է

ՊԵԿ-ին այս թեմայի վերաբերյալ հարցում էինք ուղարկել 2026թ. hունիսի 19-ին, պատասխանը ստացել ենք հուլիսի 27-ին։ Ըստ էության, ՊԵԿ-ն այս ընթացքում շուկան է դիտարկել, մեզ ուղարկած պատասխանում որոշ տեղեկություններ է տվել, մասնավորապես, «Կիլիկիա» գործարանի վերաբերյալ։ 

Նշվում է, որ  «Երևանի գարեջուր» ՓԲ ընկերության հետ փոխկապակցված և դիստրիբյուտոր հանդիսացող թվով 4 հարկ վճարողների մոտ ստուգումներ են իրականացվել, որ պարզեն՝ արդյոք կա՞ն խախտումներ դրոշմապիտակների կիրառման հետ կապված։ Այդ չորս ընկերություններում ստուգման պահին խախտումներ չեն արձանագրվել։ 

Բացի այդ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ընկերության մոտ արձանագրվել է անփաստաթուղթ ապրանքների մատակարարման թվով 2 դեպք, ինչպես նաև «չգրանցված» ֆիզիկական անձանց կողմից գարեջրի մատակարարման դեպքերով թվով 4 անձի մասով ապօրինի ձեռնարկատիրության գործունեության դեպքեր։

Թեև մեր հայտնաբերած դեպքը վերաբերում էր «Կիլիկիա» գործարանին, սակայն ընդհանուր առմամբ այստեղ խնդիրը ոչ թե մեկ գործարան է, այլ՝ պարզելը՝ արդյոք դա համատարած է։

ՊԵԿ-ին հարցրել էինք՝ արդյոք վերջին շրջանում ՊԵԿ-ի կողմից իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապրանքներ, որոնք չեն ունեցել պատշաճ թվային (նույնականացման) դրոշմավորում։

Կոմիտեից հավաստիացնում են, որ յուրաքանչյուր տեղեկություն կամ ահազանգ, որը վերաբերում է ապրանքների նույնականացման ծածկագրերի «չընթերցվող» կամ «չաշխատող» լինելուն, թվային դրոշմավորման պահանջների հնարավոր խախտումներին կամ ապրանքների օրինական շրջանառության վերաբերյալ կասկածներին, գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում և ենթակա է ուսումնասիրության։ 

«Միաժամանակ, վերլուծական գործիքակազմի օգնությամբ վերհանվում են նաև հսկիչ (նույնականացման) նշանների կեղծման միջոցով իրական իրացման ծավալները թաքցնելու ռիսկային երևույթները»,- նշված է պատասխանում, որից պարզ չէ՝ ի՞նչ ապրանքների մասին է խոսքը, արդյոք միայն ռիսկեր են հայտնաբերել, թե՞ շուկայում տարածված է այդ երևույթը։ 

ՊԵԿ-ը միայն հավաստիացնում է, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում են միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով։

Գլխավոր լուսանկարում՝ «Կիլիկիա» գործարանը

Լուսանկարը՝ Ֆրունզ Ավետիսյանի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment