2024թ․ դատարանն արդարացրել է Գերասիմ Ավետիսյանին և պարտավորեցրել է դատախազությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Սակայն Ավետիսյանը չգիտեր, որ ներողության տեքստն արդեն հրապարակվել է։ Օրենքը նախատեսում է հրապարակային ներողություն՝ որպես ապօրինի քրեական հետապնդման հետևանքների վերականգնման միջոց, սակայն այդ ներողությունները հաճախ մնում են աննկատ։
Գ․ Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ․ սեպտեմբերի 21-ին, Հանրապետությունում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի պայմաններում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է 1 րոպե 33 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Ըստ մեղադրանքի՝ այդ տեսանյութում նա հնչեցրել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Գերասիմ Ավետիսյանին առաջադրված մեղադրանքով 2024թ․ ճանաչել է անմեղ, քանի որ չի հաստատվել, որ մեղսագրվող արարքը նա է կատարել։ Դատախազությունը վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ։ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Գ․ Ավետիսյանի բռնագանձվել է 500.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է քրեական հետապնդում հարուցած մարմնին հրապարակայնորեն ներողություն խնդրել Գ․ Ավետիսյանից։
2021թ․ հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ արդարացված անձի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Նպատակը արդարացված անձի հեղինակությունն ու բարի համբավը վերականգնելն է։
Քրեական հետապնդման մասին պաշտոնական տեղեկությունները սովորաբար արագ և լայնորեն տարածվում են։ Սակայն, եթե հետագայում պարզվում է, որ անձն անմեղ է, օրենքով նախատեսված հրապարակային ներողությունը հաճախ նույն հրապարակայնությունը չի ստանում։ Պատճառը օրենսդրական բացն է, հստակեցված չէ, թե որտեղ և ինչպես պետք է հրապարակվի ներողության տեքստը։ Հրապարակային ներողությունը Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարևոր երաշխիքներից է, սակայն դրա կիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ օրենքի այս պահանջը հաճախ սահմանափակվում է ձևական կատարմամբ։
Դատախազության տրամադրած տվյալների համաձայն՝ օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր հրապարակային ներողություն խնդրելու վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 7 պահանջ, որից 5-ը հրապարակվել է, իսկ 2-ը քննարկման փուլում է (2026թ. հուլիսի 13-ի դրությամբ)։ Սակայն ներողություն խնդրելու տեքստերից որևէ մեկը չի հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքում կամ վերջինիս օգտագործած սոցիալական էջերում։
Դատախազությունը հրապարակային ներողություն է խնդրել դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերով արդարացված Գերասիմ Ավետիսյանից, Նարեկ Մալյանից, Արտակ Հովհաննիսյանից, Կարապետ Պողոսյանից և Բորիս Բախշիյանից (դատավոր է): Օրինակ՝ Կարապետ Պողոսյանից ներողություն հայցելու տեքստը հրապարակվել է «Զարկերակ» լրատվամիջոցում։
Մեղադրում են բարձրաձայն, ներողություն են խնդրում լուռ
Ներողության տեքստի հրապարակումը հարցեր է առաջացնում ոչ միայն օրենքի կիրառման, այլև դրա նպատակի իրացման վերաբերյալ։ Եթե հրապարակային ներողությունը չի տեղադրվում այն պաշտոնական հարթակում, որտեղ Դատախազությունը հրապարակում է իր հաղորդագրություններն ու պաշտոնական տեղեկությունները, ապա որքանո՞վ է այն իրականում հրապարակային։
Բացի այդ, օրենքը չի սահմանում, թե ինչ ժամկետում պետք է հրապարակվի ներողությունը և որտեղ այն պետք է հրապարակվի։ Այս բացը պետական մարմնին թողնում է լայն հայեցողություն՝ ինքնուրույն ընտրելու թե՛ հրապարակման ժամանակը, թե՛ հարթակը։ Գործնականում Դատախազությունը կարող է անհարկի ձգձգել այդ տեքստի հրապարակումը, քանի որ ժամկետային կաշկանդվածություն չունի: Նման իրավիճակի առնչվել է նաև փաստաբան Հարութ Ակլունցը:
Նա «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրահարույց է Դատախազության պրակտիկան, քանի որ իմաստազուրկ և անպիտան է դարձնում քրեադատավարական կարգավորումները: Իսկ դրանցով ապահովում են այն նվազագույն գործողությունները, որոնք միտված են փոքր-ինչ վերականգնելու հանիրավի քրեական հետապնդման ենթարկված անձի սահմանափակված իրավունքները:
«Անհամեմատելի է այն միջամտությունը, որ ենթադրում է անձի նկատմամբ քրեական հետապնդումը՝ սկսած ազատության սահմանափակումներից ու զրկումներից մինչև բարի համբավի շահարկում: Որպես այդ սխալի հետևանք քրեական հետապնդման մարմինը պարտավոր է ներողություն խնդրել, բայց նույնիսկ դա չեն ուզում անել: Կարծես պատվից ցածր են համարում: Բայց դա առաջին հերթին քաղաքացու նկատմամբ պետության և հանրային ծառայողի վերաբերմունքի հարց է: Ի վերջո, օրենսդրի կամքի հարգման հարց է: Օրենսդիրն արդեն որոշել է՝ Դատախազությունը պետք է կատարի օրենքի պահանջը՝ այն բովանդակությամբ և նպատակով, որի համար այն սահմանվել է»,- նշում է փաստաբանը:
Քանի որ օրենսդիրը հստակ չի կարգավորել հարցը, իսկ Դատախազությունն էլ չի ցանկանում իր պաշտոնական հարթակներում հրապարակել ներողության տեքստերը, արդյունքում դրանք հիմնականում հրապարակվում են սահմանափակ լսարան ունեցող լրատվամիջոցներում: Մինչդեռ քրեական հետապնդման մասին պաշտոնական տեղեկությունները սովորաբար տարածվում են պետական մարմնի պաշտոնական հարթակներով և լայնորեն հասանելի են հանրությանը։
Եթե օրենքի նպատակը արդարացված անձի հեղինակության վերականգնումն է, ապա տրամաբանական կլիներ, որ հրապարակային ներողությունը հրապարակվեր առնվազն այն պաշտոնական տեղեկատվական հարթակներում, որտեղ հանրությունը տեղեկանում է քրեական հետապնդումների մասին, և այդ տեքստը հրապարակվեր անմիջապես՝ պահանջ ստանալուց հետո։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ «հրապարակային ներողությունը» կվերածվի ձևական ընթացակարգի՝ առանց իր բուն նպատակին հասնելու։
Լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter