Բարսելոնայի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 136 մարդ

Բարսելոնայի մետրոյում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 136 մարդ է տուժել։ Այս մասին հուլիսի 27-ին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հրշեջները, իրավապահների հետ համատեղ, տարհանել են գնացքի ուղևորներին և հայտնաբերել հրդեհի փոքր օջախ, որը արագորեն մարվել է։ Շտապ բժշկական օգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել 136 մարդու, որոնցից 39-ը թեթև և միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ», — նշվում է հրշեջ ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ դեպքի հետևանքները վերացնելու նպատակով դադարեցվել է մետրոյի տվյալ գծի երթևեկությունը։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ Բարսելոնայի մետրոյի թունելների պատերի երեսպատման փլուզումը, որի հետևանքով վնասվել են ճառագայթող մալուխը և ցածր լարման էլեկտրագիծը։

Այս պահին տեխնիկական խմբերն աշխատում են միջադեպի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Մասնագետները նախատեսում են օրվա ընթացքում վերականգնել երթևեկությունը տվյալ հատվածում։

Leave a Comment