Դուք այնքան էիք կլանված ատելությամբ, որ բաց թողեցիք այս ամենը. Ինֆանտինոյի կոշտ պատասխանը քննադատներին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հրապարակային ուղերձով է հանդես եկել՝ ուղղված աշխարհի առաջնության քննադատներին։ Նա ափսոսանք է հայտնել, որ մարդկանց մի ստվար զանգված ֆուտբոլային տոնը վայելելու փոխարեն զբաղված է եղել ատելություն տարածելով։

«Իմ ուղերձն ուղղված է բոլոր նրանց, ովքեր բաց թողեցին մեր այս հիանալի խաղը, տոնը, էմոցիաներն ու արցունքները։ Նրանց, ովքեր չտեսան՝ ինչպես են երեխաներից մինչև տատիկներ համախմբվում հանուն ֆուտբոլի։ Ներեցեք, որ դուք այնքան էիք կլանված ատելությամբ ու քննադատությամբ, որ բաց թողեցիք այս ամենը», – նշել է Ինֆանտինոն։

Անդրադառնալով լրատվամիջոցներին և առցանց հարթակներում հնչող քննադատություններին՝ ՖԻՖԱ-ի ղեկավարը նշել է կազմակերպության կատարած հսկայածավալ աշխատանքն ու մրցաշարի միավորող ուժը։

«Նրանց, ովքեր զբաղված են կեղծ լուրեր ու ատելություն տարածելով, ուզում եմ ասել․ քանի դեռ դուք թաքնվում եք, մենք առաջնագծում ենք՝ անցկացնելով աշխարհի լավագույն շոուն։ Քանի դեռ դուք պառակտում եք, մենք՝ միավորում ենք։

Այս մրցաշարը մարդկության լավագույն դրսևորումների մասին էր։ Փոքր երկրների հավաքականներն ապացուցեցին, որ յուրաքանչյուրը կարող է հասնել հաջողության։ Նրանք, ովքեր ժամանակ ու ուժ են վատնում մեզ ատելու վրա, խորհուրդ եմ տալիս՝ գտեք մի րոպե մտորելու, մեդիտացիա անելու կամ աղոթելու համար։ Նայեք մարզադաշտերում մարդկանց աչքերին. միայն այս հիանալի խաղը կարող է ստեղծել նման արտասովոր միասնություն։

Թող ֆուտբոլը լինի վեր ցանկացած ատելությունից։ Հպարտ եմ իմ՝ թեկուզ փոքրիկ ներդրումով այս պատմական շոուի մեջ», – եզրափակել է Ինֆանտինոն։

Leave a Comment